Նիկոլ Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է․ Արսեն Բաբայան

Քաղաքական գործիչը վստահեցնում է, որ կառավարության հրաժարականը պահանջող ընդդիմությունը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանրահավաքի ընթացքում թույլ չտա բախումներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը այսօր լրագրողներին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է:

Նշենք, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերն այս պահին բողոքի ակցիաներ են անցկացնում Երևանում։ Գլխավոր հանրահավաքը մեկնարկել է Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց։

«Ավելի քան վստահ եմ, որ եթե ոչ մեկ ժամվա ընթացքում, ապա մի քանի օրվա ընթացքում Փաշինյանն այլևս չի նստի վարչապետի աթոռին։ Հիմա նա իշխանություն չունի»,- համոզված է Բաբայանը։

Ընդդիմադիրի խոսքով՝ վարչապետի հրաժարականի երեք տարբերակ է հնարավոր՝ վարչապետի կամավոր հեռացում, խորհրդարանի իմպիչմենտ կամ կառավարության ղեկավարի ձերբակալություն:

«Ես ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդն իր խոսքն ասի». քաղաքական իրավիճակը` ըստ Փաշինյանի

Բաբայանի խոսքով՝ ընդդիմությունն ամեն ինչ կանի, որպեսզի հանրահավաքի ընթացքում բախումներ թույլ չտա:

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ 

Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին