Մովսես Հակոբյանի հայտարարած ձայնագրության հետքերով. քննչական մարմինն ապացույցներ չի գտել

Մովսես Հակոբյանի ասուլիսում ներկայացրած հանգամանքներով հարուցված քրեական գործը վերաբերում է արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված արարքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի` ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Այդ գեներալն առնվազն կիսում է պատասխանատվությունը. Փաշինյանն արձագանքեց Մովսես Հակոբյանին

Ըստ դատախազության ներկայացրած պարզաբանման` գործը վերաբերում է Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքներին, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին և որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության համար, ազդել պատերազմի արդյունքի վրա։

Նշվում է նաև, որ նախաքննության ընթացքում Մովսես Հակոբյանը, անդրադառնալով լրահամալրման և զորահամալրման գործընթացներին, հայտնել է, որ իր կարծիքով, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ երկրի ղեկավարը պատերազմի երրորդ օրը կանգնեցրել է լրահամալրումը, ինչի մասին տեղեկացել է այն պաշտոնատար անձանցից, որոնք լրահամալրման և զորահամալրման գործընթացը կազմակերպելու պարտականություն են ունեցել ։

Նա նաև ասել է, որ ՀՀ վարչապետի կողմից լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ առկա է ձայնագրություն, և կարծում է, որ այն կատարվել է այդ գործընթացի համար օրենքի ուժով պատասխանատու անձանց կողմից:

Սակայն, ինչպես հայտնում են դատախազությունից, որևէ ձայնագրություն Հակոբյանի կողմից քննությանը չի ներկայացվել։ Քննչական գործողությունների արդյունքում ևս ՀՀ ԶՈւ լրահամալրման և զորահամալրման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ խորհրդակցության, դրա ընթացքում ՀՀ վարչապետի կողմից հրահանգներ տալու մասին վկայող ձայնագրություններ չեն հայտնաբերվել:

Ինչ են ասում ռազմական փորձագետները Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների մասին

Այդ հանգամանքների ստուգման նպատակով հարցաքննվել են ՀՀ Զինված ուժերի ԳՇ անձնակազմի կառավարման ԳՎ զորահավաքային վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք (այդ թվում` Հակոբյանի կողմից մատնանշված), որոնք հերքել են նման կարգադրության ու գործընթացը դադարեցված լինելու հանգամանքը։

Բացի այդ, նախաքննական մարմինը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացվել են զորքերի լրահամալրման և զորահամալրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց զննությամբ, ըստ դատախազության, պարզվել է, որ ՀՀ զինված ուժերի զորահամալրումը և լրահամալրումը ռազմական գործողությունների ողջ ընթացքում, նաև դրանից հետո երբեք չի դադարեցվել։

Ընդ որում` քննությամբ ձեռնարկված միջոցներով պարզվել է, որ կամավորների ընդգրկումը զինծառայության մեջ որևէ ազդեցություն, փոփոխություն չի առաջացրել սահմանված կարգով լրահամալրման և զորահամալրման աշխատանքներում:

Այդուհանդերձ, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը նոյեմբերի 18-ին «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ մի շարք փաստեր էր ներկայացրել պատերազմի ընթացքի ու հետևանքների մասին։ 2020թ. նոյեմբերի 19-ին ասուլիսի տեսաձայնագրությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նյութեր նախապատրաստելու համար:

Նշենք, որ դատախազությունում պատերազմին վերաբերող նյութերով 882 քրեական գործ է հարուցվել։ Դրանցում ներգրավվել են բարձրաստիճան պաշտոնյաներ ու զինվորականներ։