«Մինչ այս պահը դիմում չենք ստացել». ՔԿ նախագահի տեղակալն ազատվե՞լ է պաշտոնից

Մամուլում գրվել է, նաև հանրահավաքի ժամանակ հայտարարվեց` ՔԿ նախագահի տեղակալն աշխատանքից ազատման դիմում է գրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Վարչապետի աշխատակազմը մինչ այս պահը դիմում չի ստացել։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին Sputnik Արմենիային` ի պատասխան Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանի` հրաժարականի դիմում ներկայացնելու լուրերին։

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվել է. պաշտպանները միացել են գործադուլին

Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արման Պողոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։

Քիչ առաջ էլ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ Արման Պողոսյանն ազատման դիմում է գրել։ Սաղաթելյանը հայտնեց նաև, որ աշխատանքից ազատվել են  «կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը և ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը։

Նշենք նաև, որ լուրեր կան, որ Արման Պողոսյանի հրաժարականը պայմանավորված է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով։ Ի դեպ, Առուշանյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, որը համակարգում է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։

Ի դեպ, քիչ առաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Հիշեցնենք, որ  Գորիսի քաղաքապետին բերման էին ենթարկել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան։ Դրանից մեկ օր առաջ նա գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին` արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։