ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին գրառում է արել Facebook-ում։ Առկա վիճակը նա բնորոշել է որպես 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտայի»` ռևանշի հասնելու փորձ:
«Ընդ որում՝ խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո չունեն»,– գրում է Փաշինյանը:
Բացի այդ, ըստ նրա, ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել էր իր` իշխանություն լինելու հանգամանքը և չի ուզում կորցնել այդ կարգավիճակը։
Մոր և մանկան կենտրոնը միանալու է Փաշինյանի հրաժարականի պահանջով գործադուլին
Վարչապետը նշում է` օգտվելով այն հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների վրա, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը:
Այսպիսով, նրա եզրակացությամբ, իրական հակադրությունը ոչ թե կառավարության ու ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» ու ժողովրդի:
«Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդն իր խոսքն ասի, «էլիտաները» ոչինչ անել չեն կարող»,– նշում է Փաշինյանը` իր կողմից խոստանալով ամեն ինչ անել, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի ու ասի:
Բայց այս պահին, ըստ վարչապետի, առաջնահերթությունը Հայաստանի և Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է։
«Եվ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որևէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի»,– գրում է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
Դեկտեմբերի 16-ին Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ Բողոքի ակցիաները կմեկնարկեն 12։00-ին։
Մարզաշխարհի 35 ներկայացուցիչներ միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին