ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի («Ժառանգություն» կուսակցություն) դիտարկմամբ` Ադրբեջանն իրեն հռչակել է 1918 թվականին կազմավորված առաջին հանրապետության իրավահաջորդ, մինչդեռ բոլորն էլ պատմությունից գիտեն, որ շատ տարածքներ, այդ թվում և Արցախը, այդ ժամանակահատվածում ճանաչված էին որպես Հայաստանի տարածք։ Ազգերի լիգան ընդունել էր որոշում, ըստ որի` այդ տարածքները Ադրբեջանին չեն պատկանում, ուստի բանակցությունները պետք է առնչվեին նաև այդ խնդրին, այս ճակատում մեր դիվանագիտությունը հսկայական աշխատանք ունի անելու։
«Իրավական շատ վճիռներ ունեն քաղաքական պատճառահետևանքային կապ, այսինքն` դրանք գալիս են քաղաքական առկա իրավիճակը լրացնելու։ Բարեբախտաբար, տեսնում եմ, որ կա հնարավորություն, քանզի համանախագահ երկրներից` ԱՄՆ–ից ու Ֆրանսիայից հնչող հայտարարություններն ու դիրքորոշումներն ինձ բերում են այն համոզման, որ, այնուամենայնիվ, դիվանագիտական ճակատում մեծ աշխատանքի տեղ կա և հնարավոր է այս ծանր իրավիճակը գոնե մի փոքր մեղմել` անվտանգային հարցերը նկատի ունենալով»,– նշեց ԱԺ նախկին պատգամավորը։
Մարտիրոսյանի կարծիքով` ակնհայտ է, որ Արցախին հարող տարածքները միջազգային իրավունքի տեսանկյունից առնվազն վիճելի են, եթե չասենք` հայկական են, ուստի այդտեղ մեծածավալ աշխատանքի տեղ կա։
Խորհրդային շրջանում հայ–ադրբեջանական միջպետական սահման չի եղել. Պետրոսյանը` Սյունիքի մասին
ԱԺ նախկին պատգամավորի համոզմամբ` Հայաստանում պետք է պարտադիր տեղի ունենա իշխանափոխություն, որովհետև նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարությունից հետո գործող իշխանությունը որևէ քաղաքական իրավունք չունի շարունակելու աշխատանքը։
Նրա խոսքով` ընդդիմությունը լայն հասկացություն է, սակայն բոլորի կարծիքը մի բանում նույնն է, որ այս իշխանությունը պետք է հեռանա և ձևավորվի նորը։ Ըստ նրա` գալիք իշխանությունը և՛ քաղաքական, և՛ իրավական կամք կցուցաբերի, բազմաթիվ կարող, պրոֆեսիոնալ դիվանագետների (որոնք այսօր դուրս են իշխանությունից) վերադարձնելով` կփորձի առկա վիճակը շտկել, իսկ այս իշխանությունը դեռևս միայն հանձնում է։
Մարտիրոսյանի գնահատմամբ` մենք դիվանագիտական ճակատում վաղուց ենք պարտվել, երբ մի խումբ անձանց շահերը փոխանակեցինք մեր պետական շահերի հետ։
«Գորշ գոտի». սահմանազատման վիճարկելի հարցերը կարելի է առժամանակ սառեցնել. տեսանյութ