3-10 կամ 10-15 տարի ժամկետով ազատազրկում. ոստիկանությունը զգուշացնում է ընդդիմադիրներին

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի - Sputnik. Ոստիկանությունը բողոքի ակցիա անողներին հորդորում է պահպանել օրենքի պահանջները` հայտնելով, որ հակառակ դեպքում նրանց կարող է ազատազրկում սպառնալ։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով

Մասնավորապես, այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը կարող է պարունակել քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) նախատեսված հանցակազմի հատկանիշներ:

«ՀՀ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ նման բովանդակությամբ հայտարարություններ կատարելուց կամ այդպիսի հայտարարությունների մեջ նշված գործողություններ իրագործելուց։ Միաժամանակ, ոստիկանությունը նախազգուշացնում է, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա համարժեք արձագանքի»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հայտնում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը 3-10 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ է նախատեսում նախագահին, ԱԺ–ին, կառավարությանը կամ ՍԴ-ին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է 10-15 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, եթե վերը նշված գործողությունները առաջացրել են ծանր հետևանքներ:

Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք սկսեց. տեսանյութ

Հավելենք, որ դեկտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում անցկացված հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ որևէ արձագանք չունեն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, ինչն իրենց ավելի վճռական է դարձնում։ Նա ասել էր, որ կհրապարակի «Իմ քայլի» բոլոր պատգամավորների անունները, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում և որոշումներում:

Հիշեցնենք, որ այս պահին հրապարակում ընդդիմադիրները նստացույց են անում։ Նրանք հայտնել են, որ գիշերն անցկացնելու են հրապարակում, իսկ վաղը` ժամը 16։00-ին, մեծ հանրահավաք են անցկացնելու նույն տեղում։