«Ոչ միայն իմ պաշտպանյալն է, այլև հրամանատարը». Առուշանյանի պաշտպանները չգիտեն` որտեղ է նա

Գորիս համայնքի ղեկավարի պաշտպաններին հայտնել են, որ Առուշ Առուշանյանին Երևանի քննչական կոմիտե պետք է տեղափոխեն, սակայն մինչև հիմա որևէ լուր չկա նրանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պաշտպանները չգիտեն` որտեղ է նա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը հայտնեց` մինչև հիմա որևէ կապ հաստատել չի լինում նրա հետ։

Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ

Այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետին, որը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Փաշինյանը, սակայն, ըստ լուրերի` ուղղաթիռով է հասել Սյունիք։

«Պաշտպանյալս առևանգված է, սա բացահայտ առևանգում է, եթե չգիտեմ մարդու գտնվելու վայրը։ Մեզ ասել են, որ Երևանի քննչական կոմիտե պետք է բերեն իրեն, սակայն մինչև հիմա լուր չկա։ Դիմել ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին. 10 րոպե առաջ նրա հետ խոսեցի, և Թաթոյանն ասաց` ինքն էլ մինչև հիմա լուր չունի Առուշանյանի գտնվելու վայրի վերաբերյալ»,–ասաց Մելքոնյանը։

Պաշտպանը հավելեց նաև` Առուշանյանը ոչ միայն իր պաշտպանյալն է, այլ նաև հրամանատարն է եղել երկու ամիս։ Մելքոնյանի խոսքով` այս օրերին երկու ամիս միասին են եղել նույն խրամատում։

Սիսիանի եկեղեցու քահանան հրաժարվեց սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը

Հիշեցնենք, որ սյունեցիները վաղ առավոտից փակել էին Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ արգելելու համար։