Քահանան որևէ արգելք չի հարուցել Նիկոլ Փաշինյանի այցի առնչությամբ. Սյունյաց թեմ

Տեր Մակար վարդապետ Հակոբյանն անդրադարձել է Սիսիանի եկեղեցու քահանայի` վարչապետի ձեռքը սեղմելուց հրաժարվելու դեպքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը պարզաբանում է տարածել այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցածի վերաբերյալ։

ՀՀ վարչապետն այսօր Սիսիան կատարած այցի ընթացքում մտել էր Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Եկեղեցում քահանան հրաժարվել էր սեղմել Փաշինյանի ձեռքը և ձեռքով ցույց էր տվել եկեղեցու դուռը։ Դրանից հետո տեսանյութ հայտնվեց, որում երևում էր` ինչպես են մի խումբ մարդիկ շտապում եկեղեցի` քահանայի հետ հաշվեհարդար տեսնելու։

«Ցավ և ափսոսանք ենք հայտնում նրանց միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված անհարկի շահարկումների, սադրանքների, ինչպես և հնչած բռնության կոչերի առնչությամբ։ Հաստատում ենք, որ քահանան, ինչպես և արդեն հայտնել է իր հարցազրույցներում, որևէ արգելք չի հարուցել վարչապետի այցի առնչությամբ, առավել ևս նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց»,–նշված է Սյունյաց թեմի ֆեյսբուքյան էջում։

Տեր Մակար վարդապետ Հակոբյանը լիահույս է, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պարգև քահանա Զեյնալյանը հայտնել էր` չի արգելել Փաշինյանին մուտք գործել եկեղեցի, սակայն խորհուրդ է տվել սպասել Աստծո դատաստանին։