Փաշինյանին միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին. քահանան սպառնալիքներից չի վախենում

Մի շարք մարդիկ էին հավաքվել Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու մոտ` տեղի հոգևոր հոր հետ հաշվեհարդար տեսնելու համար։ Տեր Պարգևը հրաժարվել էր սեղմել վարչապետի ձեռքը։ Նա նշում է` ամբողջ հանրապետությունն է սպառնալիքի տակ, և ինքը բացառություն լինել չի կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու (Սիսավանի վանք) քահանան` Պարգև քահանա Զեյնալյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել սպասել Աստծո դատաստանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Պարգև քահանա Զեյնալյանը հայտնեց` այս պահին եկեղեցում է։

«Երթով շարժվում ենք եկեղեցի, որ դուրս շպրտենք տերտեր կոչվածին». տեսանյութ

Փաշինյանը Սիսիան այցի ընթացքում մտել էր Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Եկեղեցում քահանան հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը՝ ի պատասխան ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալով։ Դրանից հետո տեսանյութ հայտնվեց, որտեղ երևում է` մի շարք մարդիկ շտապում են եկեղեցի քահանայի հետ հաշվեհարդար տեսնելու։

Պարգև քահանա Զեյնալյանը պարզաբանեց, որ իր քայլի պատճառը հայրենիքում տեղի ունեցածն էր։ Նա հայտնեց, որ Փաշինյանին եկեղեցի մտնելիս չի տեսել, քանի որ սենյակում է եղել։

«Փաշինյանին չեմ արգելել եկեղեցի մտնել, միայն ասել եմ` սպասիր Աստծո դատաստանին»,–ասաց տեր Պարգևը։

Հարցին, թե ի՞նչ է անելու, քանի որ այս պահին իր անվտանգությունն է սպառնալիքի տակ` տեր Պարգևը պատասխանեց, թե` ամբողջ հանրապետությունն է սպառնալիքի տակ, և ինքը բացառություն չի կարող լինել։

Նա հայտնեց նաև, որ այս պահին եկեղեցին այլևս մարդկանցով շրջապատված չէ` ամեն ինչ լավ է։

«Ոչ միայն իմ պաշտպանյալն է, այլև հրամանատարը». Առուշանյանի պաշտպանները չգիտեն` որտեղ է նա

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն այցելել էր Սյունիքի մարզ, մասնավորապես՝ Սիսիան քաղաք։ Մինչ նրա այցը մի խումբ սյունեցիներ ու մայրաքաղաքից նրանց միացած մի քանի երիտասարդներ փակել էին Գորիս-Տաթև ճանապարհը՝ բողոքելով Փաշինյանի այցի դեմ։

Սիսիան այցելությունից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ընդհատում է այցը նշելով. «Հիմա համոզվեցի` ճանապարհը փակել են, որպեսզի ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է»։

Հավելենք նաև, որ վաղ առավոտյան բախումներ էին տեղի ունեցել ոստիկանների ու ցուցարարների միջև։