Փաշինյանի հետ երկխոսություն լինել չի կարող` նա դեռ չի պատասխանել մեզ. Գորիսի փոխքաղաքապետ

Մենուա Հովսեփյանը հայտնում է, որ Երևանում ինչքան ոստիկան կա, տարել են Սյունիք, սակայն ոչ մի հարց չի լուծվի այդ կերպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ պատասխան չի տվել այն դեպքի համար, որ Գորիսում թուրք է հայտնվել, ուստի` նա չի կարող մտնել քաղաք։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Սյունիքում բողոքի ակցիայի մասնակիցները 2 պահանջ ներկայացրին իշխանություններին

Վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Այս պահին լարված իրավիճակ է Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին` քաղաքացիները փակել են ճանապարհը։

«Տեղյակ չեմ, թե ինչ մեղադրանք է առաջադրվել Առուշանյանին։ Վախեցած են ու վախից էլ բռնել են Առուշանյանին` մտածելով, թե կարող են այդ կերպ հարց լուծել։ Երևանում ինչքան ոստիկան կա, բերել են այստեղ, սակայն ոչ մի հարց չի լուծվի այդ կերպ։ Ամեն ինչ իրենց դիմաց է դուրս գալու»,–ասաց Հովսեփյանը։

Բախում է տեղի ունեցել Սյունիքի մի խումբ բնակիչների ու ոստիկանների միջև. տեսանյութ

Նրա խոսքով` իշխանությունը մոռացել է, թե Առուշանյանն ինչեր է արել իրենց փոխարեն պատերազմի օրերին` ինչքան գումարներ է ծախսել, կապի միջոցներ ապահովել, զինվորներին սնունդով ապահովել, 11 000-ից ավել արցախցիների բնակեցրել համայնքում։ Հովսեփյանը վստահեցնում է` իշխանության մոռացածը իրենք կհիշեցնեն։

Գորիսի փոխքաղաքապետը հայտնեց, որ այս պահին էլ բազմաթիվ մարդիկ են հավաքված Սյունիքի դարպասների մոտ` պահանջելով, որ Առուշանյանին ազատ արձակեն, իսկ Փաշինյանը մուտք չգործի մարզ։

«Նիկոլը թռավ». սյունեցիները բղավեցին իրենց գլխավերևում հայտնված ուղղաթիռի հետևից

«Փաշինյանը մեզ հետ խոսելու բան չունի այլևս, և եթե պիտի գար խոսելու, պետք չէր գիշերվա երեքին դավադրություն կազմակերպեր, մեր համայնքի ղեկավարին ձերբակալեր։ Ասել է` գալիս է մեզ հետ երկխոսելու, բայց իր հետ երկխոսություն լինել չի կարող, ինքն ով է` երկխոսություն լինի»,–ասաց Հովսեփյանը։

Նա հավելեց նաև, որ գերտերությունների ղեկավարները հայհոյում են վարչապետին, բայց վերջինս եկել, գորիսեցիներին է բերման ենթարկում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր` Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ «Ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,-մասնավորապես ասել է Փաշինյանը։

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։