ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար: Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նշել է, որ արդեն խոսել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ, որը լիարժեք հավաստիացրել է, որ ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք:
Թաթոյանի խոսքով` երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է, նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ»,–գրել է Թաթոյանը:
ՀՀ ՄԻՊ–ը հիշեցրել է, որ հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ, մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելեց Սյունիք, շրջեց Սիսիանով։
Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև մտավ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառեց և մոտեցավ տեղի քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը և ի պատասխան ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը։
«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի