ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Սյունեցիները վաղ առավոտից շարունակում են փակ պահել Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ արգելելու համար։
«Հայաստանը վաճառքի առարկա դարձնող անձնավորությունն իրավունք չունի մտնելու Սյունիքի տարածաշրջան»,– նշում են ակցիայի մասնակիցները` շեշտելով, որ իրենց բողոքը ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի ու Արցախի, անգամ աշխարհի հայության համար է։
Նրանց խոսքով` «Երևանում բազմոցներին նստած զոմբիները» չեն պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում։
«Եթե դու արդար ես, ազնիվ ես, իրոք ժողովրդի վարչապետն են, ինչո՞ւ ես ոստիկաններով տեղաշարժվում։ Դուրս արի, մարդկանց հետ շփվիր»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` հեռակա դիմելով Փաշինյանին։
Սյունեցիները նաև հայտնում են, որ իրենք 80-100 երիտասարդ զինվորներ են հանձնել հողին, մի մասի մարմիններն էլ դեռ չեն գտնվել։ Պատերազմի արհավիրքները տեսած Սյունիքը, ըստ նրանց, ձերբակալություններից ու ոստիկաններից չի վախենում։
Բայց մինչ սյունեցիները փակել էին ճանապարհն ու սպասում էին վարչապետին, երկնքում` նրանց գլխավերևում, երևաց ուղղաթիռը, որը նրանց համոզմամբ` վարչապետին է տեղափոխում Սյունիք` շրջանցելով սյունեցիների հետ հանդիպելու ու փակ ճանապարհին բախվելու վտանգը։
«Նիկոլը թռավ»,– ուղղաթիռին նայելով` բղավեցին ակցիայի մասնակիցները։
Ապա սկսեցին վանկարկել . «Նիկոլ, դավաճան»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–ի ուղիղ եթերում հայտարարել էր` Սյունիքի մարզ այցելելու որոշումը կրքեր բորբոքելու համար չէ։ «Ես գալիս եմ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելու, ձեր հարցերին պատասխանելու, Սյունիքի ու բոլոր սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի տուրքը մատուցելու»,- նշել էր նա։
Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է։ Փաշինյանն արդեն Սյունիքում է։