Նիկոլ Փաշինյանը վերադառնում է Երևան

ՀՀ վարչապետը համոզվել է, թե ինչու են սյունեցիները փակել ճանապարհը։ Նա Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք է մնում մեկ այցելություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքից վերադառնում է Երևան։

«Հիմա համոզվեցի` ճանապարհը փակել են, որպեսզի ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։
Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր Սյունիք է այցելելու։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը երեկ գրառում էր արել Facebook–ի էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Մարդիկ վաղ առավոտյան շարժվել էին դեպի Սյունիքի դարպասներ, սակայն պարզվել էր, որ ոստիկաննությունն արդեն փակել է ճանապարհը` արգելելով նրանց առաջ շարժվել։ Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ վարչապետը Սյունիք է հասել ուղղաթիռով։