Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ

Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ Առուշ Առուշանյանի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն այս պահին առևանգված է։ Facebook–ի իր էջում նման գրառում է արել համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Առուշ Առուշանյանի շահերի պաշտպան փաստաբաններ Դավիթ Կարապետյանի և Արմեն Մելքոնյանի հետ քիչ առաջ եմ խոսել։ Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ո՛չ ոստիկանությունից, ո՛չ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը»,– գրել է նա։

Նա նշել է, որ փաստացի ոստիկանության ակնհայտ ապօրինի գործողությունների հետևանքով Առուշ Առուշանյանը 6 ժամից ավել զրկված է ազատությունից, և առայժմ փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել։

«Որևէ տեղեկատվության պարագայում լրացուցիչ կտեղեկացնեմ»,– եզրափակել է Յոլյանը։

Հիշեցնենք` վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Փաշինյանը, սակայն, ուղղաթիռով է հասել Սյունիք։