ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանն Ադրբեջանից բաժանող սահմանը Սյունիքի ճանապարհի պռնկով է անցնում, այնպես է ստացվել, որ մենք Խորհրդային Հայաստանի վարչական սահմանի երկայնքով ենք աշխատում, հիմա մեր սահմանապահներն են տեղակայվում այնտեղ, իսկ ճանապարհին ռուս խաղաղապահներն են պարեկելու` ապահովելով անվտանգությունը։ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում հավաքվածների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ամենն արվում է անվտանգության համար, որպեսզի նոր կոնֆլիկտ չլինի։ Մինչ այդ առանձին միջադեպեր կլինեն, և ամեն առանձին դեպքից պետք է խուճապի չմատնվենք»,–ասաց Փաշինյանը։
Հանդիպմանը ներկա տղամարդկանցից մեկը, դիմելով Փաշինյանին, ասաց, որ եթե նա հրաժարական տա, ապա իրենց դավաճանած կլինի։ Ի պատասխան Փաշինյանը հարցրեց` էլ ո՞վ է այդպես մտածում, հավաքվածները վստահեցրին` բոլորը։
Վարչապետի խոսքով` այժմ հետցնցումային իրավիճակների մեջ ենք, սակայն պետք է ամեն ինչ անենք գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու համար։ Ըստ Փաշինյանի` մեզ վճռականություն է պետք` Արցախն ու Հայաստանը նորովի կառուցելու համար։
Հիշեցնենք` վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը երեկ գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Այս պահին լարված իրավիճակ է Գորիսից դեպի Սյունիքի դարպասներ տանող ճանապարհին. քաղաքացիները փակել են ճանապարհը։ Փաշինյանը, սակայն, ուղղաթիռով է հասել Սյունիք։
Ի դեպ, Սառնակունքը չի դասվում այն 13 գյուղերի շարքը, որի դիրքերն Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու։
Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ են գտնվելու այն դիրքերը, որոնք ապահովում են Կապանի և հարակից 13 գյուղերի անվտանգությունը. դրանք են` Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերը և Կապան քաղաքը։