«Երթով շարժվում ենք եկեղեցի, որ դուրս շպրտենք տերտեր կոչվածին». տեսանյութ

Սիսիանում զարգացումները վտանգավոր բնույթ են ստանում. մի խումբ մարդիկ որոշել են գնալ այն եկեղեցի, որի հոգևոր հովիվը հրաժարվել էր սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արսեն Ավագյանը Facebook-յան ուղիղ եթեր է դուրս եկել` հայտնելով, որ հիմա գնում են Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք)` տեղի քահանա տեր Պարգև քահանա Զեյնալյանի հետ հաշիվներ պարզելու։

«Երթով շարժվում ենք եկեղեցի, որ դուրս շպրտենք տերտեր կոչվածին»,– ասում է նա։

ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այդ թեմայով գրառում է արել Facebook–ում։
«Սիսիանում զարգացումները ստանում են վտանգավոր բնույթ: Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վերաբերմունքից` վարչապետի ձեռքը չսեղմելու և նրան եկեղեցուց դուրս հրավիրելուց հետո, մի խումբ քաղաքացիներ որոշել են հաշվեհարդար տեսնել հոգևորականի հետ: Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվի կամ անարգվի եկեղեցին, դրա միակ պատասխանատուն լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,– գրել է նա:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել էր Սյունիք, շրջել Սիսիանով։

Նա Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։ Այնուհետև մտավ Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցի (Սիսավանի վանք), մոմ վառեց և մոտեցավ տեղի քահանային` տեր Պարգև քահանա Զեյնալյանին։ Քահանան, սակայն, հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը և ի պատասխան ձեռքով ցույց տվեց եկեղեցու դուռը։

«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի