«Դա բոլոր կարմիր գծերից անդին է». ի՞նչ հոդվածով են ձերբակալել Գորիսի քաղաքապետին

Իրավաբանները բոլոր նրանց, ովքեր պատիվ են համարում ստանձնել Առուշ Առուշանյանի պաշտպանությունը, կոչ են անում գնալ ՔԿ–ի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեի շենքի դիմաց հավաքված մի խումբ ճանաչված փաստաբաններ պատրաստ են ստանձնել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանությունը, որն այս պահին Քննչական կոմիտեում է:

«Գործարք եմ առաջարկում». Փաշինյանը չի մեկնի Գորիս, Կապան ու Մեղրի

«Մենք պատրաստ ենք ներգրավվել այս վարույթում որպես պաշտպաններ։ Սա, իհարկե, բացի մասնագիտական կողմից, նաև քաղաքացիական դիրքորոշում է, որովհետև մենք խայտառակ ապօրինություն ենք համարում այն, ինչ կատարվեց Առուշանյանի հետ։ Մենք խայտառակ ապօրինություն ենք համարում գիշերը ժամը 5–ին Գորիսի բնակիչների 90 տոկոսից ավելի ձայն ստացած քաղաքապետին տնից հանելն ու ձերբակալելը Քրեական օրենսգրքի ամենաթեթև հոդվածով` ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձ։ Մի բան, որով 2.5 տարի զբաղված էր այն մարդը, որն այսօր անփառունակ ձևով փախուստի դիմեց Սյունիքից»,–լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավաբան Ռուբեն Մելիքյանը։

Նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր պատիվ են համարում ի թիվս այլ փաստաբանների ստանձնել Առուշ Առուշանյանի պաշտպանությունը, գնալ ՔԿ–ի դիմաց։

Մելիքյանի խոսքով` իրենք այս պահին որևէ խնդիր չունեն պաշտպանություն իրականացնող փաստաբանների հետ։ Փաստաբանները Առուշանյանին փոխանցել են հավաքված իրավապաշտպանների ցանկությունը և նա համաձայնել է, որ այլ փաստաբաններ ևս ներգրավվեն և իրականացնեն իր պաշտպանությունը։

Փաշինյանի հետ երկխոսություն լինել չի կարող` նա դեռ չի պատասխանել մեզ. Գորիսի փոխքաղաքապետ

«Հայաստանում անգամ այս խայտառակ ֆուտուրիստական իրավաբանության մեջ այս պահին ամենաչեմպիոնային քրեական գործն է, որովհետև ընտրված քաղաքապետին, հայրենիքի զինվորին, որն այսքան ժամանակ զենքը ձեռքին պաշտպանում էր իր հողը, ձերբակալել են ու բերել հասցնել Երևան։ Դա բոլոր կարմիր գծերից անդին է»,–ասաց իրավաբանը։

Նշենք, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալության գործով արդեն մամուլի հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննություն է տարվում՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

«2020թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-225.1 հոդվածի 1-ին մասի (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով»,–նշված է հաղորդագրության մեջ:

Քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, կատարվում է նախաքննություն:

Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի  1-ին կետով (Առանձնապես խոշոր չափերով խարդախություն) և 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (Ազատությունից ապօրինի զրկելը շահադիտական դրդումներով), 322-րդ հոդվածի 2-րդ մասով (Ինքնիրավչություն` կատարված բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) հարուցված քրեական գործերը:

Հիշեցենք`այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկել Գորիսի քաղաքապետին, որը երեկ գրառում էր կատարել Facebook–ի իր էջում՝ կոչ անելով համաքաղաքացիներին` արգելել վարչապետի մուտքը Սյունիք։ Փաշինյանը, սակայն, ըստ լուրերի` ուղղաթիռով է հասել Սյունիք։

Ավելի ուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ որևէ կապ հաստատել չի լինում նրա հետ, և նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն չունեն։

Գորիսի համայնքապետին բերման են ենթարկել