Ադրբեջանը դեռ համաձայնություն չի տվել Արցախում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու համար

Յուրաքանչյուր օր մշակութային արժեքների վիճակի գնահատումն ավելի բարդ է դարձնում` հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատթարանան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի -Sputnik. ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից դեռս պատասխան չի ստացել կազմակերպության փորձագիտական առաքելությանը Արցախ ուղարկելու համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կօգնի՞ փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական հուշարձանները

Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար:

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ - ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ», - ասել է Օտտոնեն:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի իշխանություններին բազմիցս դիմել են այդ հարցով, բայց ապարդյուն։

«Յուրաքանչյուր օրը մշակութային արժեքների վիճակի գնահատումն ավելի բարդ է դարձնում` հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատթարանան։ Կրակի դադարեցման արդյունքում բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի։ Պատմական ժառանգության պահպանումը կարևոր պայման է կայուն և ամուր աշխարհ ստեղծելու համար: Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի, որպեսզի գործնական փուլ տեղափոխվեն վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած կառուցողական քննարկումները», - նշել է Օտտոնեն։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։

Լավրովը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ–ն ԼՂ–ի հուշարձանների հետ չի վարվի Հալեպում եղածների պես

Մինչ այդ 16 կուսակցությունների խորհուրդը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը:

Ոստիկանությունը և դատախազությունը հայտարարել էին, որ ռազմական դրության ժամանակ արգելված է հավաքներ իրականացնելը։ Հանրահավաքը վերածվեց քայլերթի։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարության շենք, ապա Ազգային ժողով։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժել է կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս գործով արդեն կան ձերբակալվածներ։