Sputnik Բելառուսի մեր գործընկերները հայազգի ոսկերչի հետ զրուցել են թանկարժեք մետաղների օգտակարության, արտասովոր պատվերների և այն մասին, թե ինչպես տարբերել օրիգինալը կեղծիքից։
Համարյա «սենսեյ»
Թողնելով շինհրապարակը` Աշոտը մեկնեց Երևան՝ նոր արհեստ սովորելու։ Նրան ոսկերչություն սովորեցրեց ժառանգական ոսկերիչ, ՀՀ և ԽՍՀՄ վաստակավոր վարպետ Ահարոն Արևշատյանը։ Բելառուսում ոսկերչական գործ կարելի է սովորել Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանում և որևէ արհեստանոցի հատուկ դասընթացներին հաճախելով, բայց, ինչպես պնդում է Ավետիսյանը, այդպիսի մասնագետների պատրաստումը Բելառուսում դեռ լիովին յուրացված չէ։
Հայաստանում Աշոտը 5-րդ կարգ ստացավ (ոսկերչական գործում 6-րդ կարգը վարպետության գագաթնակետ է համարվում) և փոքրիկ արհեստանոց բացեց իր տանը՝ Մինսկի մոտակայքում գտնվող Ցնյանկա գյուղում։
«Ոսկերչություն սովորելը դժվար է, համբերություն, լավ երևակայություն և շատ-շատ ժամանակ է պետք։ Ես արդեն յուրացրել եմ փորագրությունը, ոսկերչական մոմի հետ աշխատանքն ու հղկումը, բայց մինչ օրս շարունակում եմ սովորել։ Խորհուրդներ եմ հարցնում Մինսկի մի քանի վարպետներից»,-պատմում է Աշոտը։
Այս մասնագիտությունը Բելառուսում պահանջված է, հաճախորդներ միշտ կան։ Տարբեր մարդիկ են գալիս՝ դեռահասներից մինչև հարուստ ու կայացած քաղաքացիներ։
Հիմնականում արծաթե իրեր են պատվիրում, քանի որ դրանք, ի տարբերություն ոսկու, շատ թանկ չեն (1 գրամ արծաթը մեկ դոլարից էլ էժան է, մինչդեռ 1 գրամ ոսկին գրեթե 60 դոլար արժե)։ Հետաքրքիր պատվերներ հազվադեպ են հանդիպում։ Մի քանի տարի առաջ ադրբեջանցի հաճախորդն Աշոտի մոտ 80 գրամանոց ոսկե շղթա պատվիրեց․պատկերացրեք`որքան է այն արժեցել։
«Առավել հաճախ խնդրում են մատանիներ սարքել, ականջօղեր, թևնոցներ՝ ոսկե, արծաթե և անգամ տիտանե։ Պատահում է՝ իրենց էսքիզներով են գալիս։ Վերջերս մի երիտասարդ բարդ պատկերով մատանի պատվիրեց, ստիպված եղանք այն ավարտուն տեսքի բերել 3D սարքով»,-պատմում է վարպետը։
Ոսկերիչները, Ավետիսյանի խոսքով, երեք ոսկե կանոն ունեն` չխաբել հաճախորդների նյութի հարգի և քաշի հարցում, ինչպես նաև պահել պատրաստման ժամկետները։
Բուրատինոն, գլանահաստոցն ու բոռ մեքենան
Աշոտի ոսկերչական սեղանին տասնյակ գործիքներ են։ Դրանցից մի քանիսն ատամնաբույժի սարքեր են հիշեցնում` բոռ մեքենա, ունելիներ, սեղմակներ։ Կան և զուտ մասնագիտական գործիքներ` մետաղակաղապարներ (ձուլվածք ստանալու կաղապար), գլանահաստոց (մետաղը «գրտնակելու» համար), զոդոց, խարտոցներ, ոսկերչական մկրատներ, ձողակարկին, մանրաթելային մուրճ։ Կան էլ ավելի «թույն» առարկաներ՝ հղկող մեքենա, ուլտաձայնային լոգակոնք, «բուրատինո»(մատանիների չափն ավելացնելու սարքավորում) և այլն։
«Բայց ոսկերչի գլխավոր գործիքը ձեռքերն են։ Առանց դրանց, իհարկե, բարդ կլիներ»,-ծիծաղում է Աշոտը։
Արհեստանոցի ծախսը մի քանի հազար դոլար է եղել։ Մի քանի տարի աշխատելով` ծախսը փակել է և հիմա Աշոտը բավական լավ վաստակում է իր արհեստով։
Սկորսեզեի հայազգի սցենարիստը. ինչպես իրաքահայ տղան նվաճեց Հոլիվուդը
«Եկամուտը միջին վիճակագրական Բելառուսի եկամուտի չափ է։ Կարծիք կա, որ ոսկերիչները հարուստ մարդիկ են, բայց այդպես էր գուցե 20-30 տարի առաջ, երբ հաճախորդները գումար չէին խնայում լավ զարդերի համար»,-բացատրում է վարպետը և ցույց տալիս, թե ինչպես են ստեղծվում մատանիները։
Դյութիչ տեսարան է։ Նախևառաջ ոսկերիչը մոմից կաղապար է պատրաստում, այն դնում հատուկ ամանի մեջ և վրան գիպս լցնում։ Այնուհետև ոսկին հալեցնում է, լցնում ամանի մեջ, որտեղ էլ այն համապատասխան ձևն է ընդունում։ Մի մատանու վրա վարպետը կարող է մի քանի շաբաթ աշխատել, իսկ եթե պատվերը փորագրություն և լրացուցիչ հղկում է պահանջում`ապա ավելի շատ։
Ամենաորակյալ ոսկին Բելառուսում է
Իր գործերի նյութերն Աշոտը գնում է գրավատներից և ուրիշ ոսկերիչներից։ Եթե մաքուր ոսկի է հարկավոր` 999 հարգի, կարելի է բանկերին դիմել։ Բելառուսում, վարպետի կարծիքով, լավ են մշակում ոսկին, այնտեղ են ստեղծվում Եվրոպայի լավագույն օրինակները։ Տեղի ոսկերիչներն այն հասցնում են «լավ»` 585-րդ հարգի՝ արծաթի և պղնձի միջոցով։ Ավաղ, կեղծիքները, ինչպես և ամեն տեղ, քիչ չեն։
«Սովորական մարդու համար դժվար է իրական ոսկին կեղծիքից տարբերելը։ Երբեմն նույնիսկ փորձառու ոսկերիչները չեն կարողանում դա անել։ Ստիպված ենք հատուկ քիմիական նյութեր օգտագործել, որոնց օգնությամբ հնարավոր է պարզել։ Լուծույթը կաթեցնում ես մետաղի վրա, եթե սկսեց սևանալ, ուրեմն կեղծ է»,-հավատացնում է Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ ձեռագործ զարդեր կրելն օգտակար է։ Արծաթը սպանում է մանրէները, իսկ ոսկին էներգիա է տալիս։