Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

Շիրակի մարզի կամավորական ջոկատը բաղկացած է եղել 62 կամավորից: Հիմնականում համայնքների վարչական ղեկավարները, տեղակալներն ու դպրոցի տնօրեններն են եղել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրում շրջափակման հայտնված շիրակցի կամավորներն արդեն տանն են։ Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպել ու զրուցել է նրանց հետ։

Ջոկատի կազմում եղած Շիրակի մարզի Ամասիա համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը պատմել է, թե ինչ է կատարվել այնտեղ, ինչպես են հայտնվել շրջափակման մեջ և ինչպես դուրս եկել շրջափակումից։ Նա, ինչպես ինքն է ասում, հենց առաջին օրվանից կամավորագրվել է, և ոչ վարչապետի կոչով: 

Վերևներից ասել են՝ ադրբեջանցիների հետ ինքներդ բանակցենք. շրջափակումից դուրս եկած կամավոր

Ջոկատը նոյեմբերի 29-ին մեծ դժվարությամբ հասել է Արցախ: Դեկտեմբերի 2-ին նրանք արդեն դիրքերում էին:

«Դիրքերին ծանոթացնելուց հետո, էլ ոչ մեկը` նույնիսկ հրամանատարական կազմը, մեզանով չի հետաքրքրվել, տեղյակ չեն եղել, մենք կանք, ի՞նչ ենք եղել։ Միայն 4 օրը մեկ սնունդ են ուղարկել:  10, թե 12-րդ օրն էր` իմացանք, որ ընկել ենք շրջափակման մեջ»:

Ադրբեջանցիները  շարասյունով եկել էին դիտակետը հսկելու հենց հաջորդ օրը: Թշնամու հետ բանակցային գործընթացը, ըստ Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավարի, իրականացրել է դասակի հրամանատարը՝  Արտավազդ Ղուկասյանը՝  Ամասիա խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը: «Ադրբեջանցիների մասին Արտավազդն ահազանգել է հրամանատարությանը, պատասխանը եղել է՝ ինքներդ բանակցենք: Ադրբեջանցիները ճանապարհ էին խնդրում դեպի Աղանոս գյուղ, մենք թույլ չենք տվել, իրենք սուս ու փուս հետ են դարձել»,-պատմում է Սաղաթելյանը։

15 օրից հետո պիտի նրանց փոխարինեին, սակայն ջոկատը 18 օր է մնացել:  «Շրջափակման մեջ ավելի երկար կմնայինք, եթե չահազանգեինք Գյումրի մեր ընկերոջը՝ Կարապետ Պողոսյանին ու աղմուկ չհանեինք։ Եթե դա չլիներ, մենք էլ գերի կընկնեինք»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` նշելով, որ ռուսները հենց 4-րդ օրն էին պատրաստ իրենց շրջափակումից հանել, սակայն հայկական հրամանատարական կազմից ոչ մի բանակցող չի եղել:

Բաքուն ընդունում է գերեվարված 62 քաղաքացու փաստը. պատգամավորները հանդիպել են Մուրադովի հետ

 Չնայած ավելի քան 6 օր առանց ջրի ու քնապարկերի են եղել, սակայն կամավորները դրանից չեն դժգոհում։  Նրանց խոսքով` ջոկատի անդամներին բարկացրել է այն, որ արդեն Հայաստան վերադառնալու ճանապարհին են եղել, երբ որոշ պատգամավորներ իրենց են վերագրել, թե իրենք  բանակցել են ջոկատը շրջափակումից դուրս բերելու մասով: «Աղմուկը բարձրացնելուց հետո նոր սկսեցին բանակցել, ընդհուպ մինչև Վիտալի Բալասանյանի մակարդակով:  Բոլորն արվել է մեր կապերի միջոցով, թող այս իշխանություններից մեկը գա ասի, թե խառնվել են այս գործին»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` ցավով նշելով, որ իրենց պահած դիրքը իրենք լքել են:

«Ինչպես է կարելի 18 օր դիրքը պահես, վերջում ասեն`այդ դիրքը մերը չէ: Ադրբեջանցիները լավ զինված էին, տեխնիկապես հագեցած: 2 օրում մեծ սարը կտրեցին ճանապարհ սարքեցին, իսկ մեր իշխանությունները չգիտեն մարդիկ գերի են ընկել, թե ոչ»,-ասում է Վահրամ Սաղաթելյանը` անհնար համարելով հայերի պարտությունը հենց այդ տարածքում, որտեղ ինքն է եղել:

23 տարի համայնքը ղեկավարած Վահրամ Սաղաթելյանը ցավով է նշում՝ նման անտարբեր վերաբերմունք հայրենի երկրի նկատմամբ երբեք չի եղել: Կամավորը ստեղծված իրավիճակը իշխանությունների անգործունեությամբ է բացատրում:

Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը

Նշենք, որ «Իմ քայլի» պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանն ու Սոֆյա Հովսեփյանը հայտնել են, որ շրջափակման մեջ հայտնված իրենց հայրենակիցների խնդրով եղել են Շուշիի շրջանում։