Սյունիքի հետ սահմանակից հողերն օգտագործվել են Արցախի հետ համաձայնագրերի հիման վրա. մարզպետ

Արցախի հարավարևմտյան գյուղատնտեսական հողերն օգտագործել են ինչպես տեղացիները, այնպես էլ Հայաստանի բնակիչները՝ երկկողմանի պայմանագրերի հիման վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik.  Սյունիքի մարզի հետ սահմանակից գյուղատնտեսական նշանակության հողերն օգտագործվել են Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ պայմանագրերի հիման վրա։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` տեղեկությունը հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել

Գրավոր պատասխանում նշվում է, որ Սյունիքի մարզի սահմանակից տարածքները մինչև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը հանդիսանում էին Արցախի Հանրապետության վարչական տարածքի մաս։

«Նշված տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը, ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվությամբ (կնքված պայմանագրերով), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով օգտագործել են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հողօգտագործողները։ Դրանք Սյունիքի մարզի որևէ համայնքի ամրացված չեն եղել», -  նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք՝ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել թվային տվյալներ տրամադրելու խնդրանքով` ի՞նչ տարածք են զբաղեցնում գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնք համայնքները կորցվել են Արցախի տարածքի մի մասը Ադրբեջանին փոխանցելու արդյունքում։

Հիշեցնենք` դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ 

Նրա խոսքով` ամեն ինչ արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու ու այդ երաշխիքներն ամրապնդելու համար։

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». Դավիթ Բեկում կյանքը շատ է բարդացել

Փաշինյանը հաստատեց, որ Սյունիքի ճանապարհներին այս գործընթացի արդյունքում կարող են որոշակի դժվարություններ ծագել։ Բայց, սա, նրա խոսքով, լուծելի հարց է ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում։