ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Այսօրվա ընթացքում ռուս խաղաղապահներն Արցախում անհետ կորած 4 զինծառայողների մասին դիմումներ են ստացել։ Տեղեկությունը հաղորդում է խաղաղապահ առաքելության Telegram ալիքը։
«Այսօր ՝ դեկտեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) կորած զինծառայողների մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին ստացվել են 4 անհետ կորած զինծառայողների մասին դիմումներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Զինծառայողների տվյալներն արդեն ստուգվել են, մշակվել եւ փոխանցվել խաղաղապահ առաքելության որոնողական ջոկատներին:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ կատարվում է զոհերի մարմինների որոնում և հանձնում:
Ավելի վաղ`դեկտեմբերի 1–ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը Facebook–ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ արձագանքելով արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ բազմաթիվ դիմումներին և հայտնել, որ կգործի «Թեժ գծի» հեռախոսահամար՝ 81-35։
Արցախում պատերազմի հետևանքով անհետ կորածների որոնման «Թեժ գծի» գործարկման առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զանգ էր ստացվել։