Հայտնի է Արցախում մահացած ռուս խաղաղապահի ինքնությունը. լուսանկար

Զինվորականը վիրավորվել էր Շուշիի ճանապարհի ականազերծման ժամանակ։ Հիվանդանոց տեղափոխվելիս նա մահացել էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի է Արցախում զոհված ռուս խաղաղապահի ինքնությունը։ Նա 29-ամյա Վիտալի Մորոզն է։ Տեղեկությունը հայտնում է «Վոեննի Օսվեդոմիտել» տելեգրամ ալիքը։

Սպայի մահվան մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի 18-ին։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, զինվորականը վիրավորվել է Շուշի տանող ճանապարհի ականազերծման ժամանակ: Հիվանդանոց տեղափոխվելիս նա մահացել էր։ Գերատեսչությունում ընդգծել են, որ զինվորականի ընտանիքին կտրամադրեն բոլոր հնարավոր և անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը:

Խաղաղապահներն Արցախում մեկ օրում ավելի քան 1300 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: