Սյունիքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կար. Փաշինյանը ներկայացրեց խնդիրը

ՀՀ վարչապետը բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել Սյունիքում ու ինչու են Հայաստանի ԶՈւ–երը տեղակայվել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սյունիքի մարզում վերջին օրերին տիրող լարված իրավիճակին։

«Սա որոշակի փոփոխություններ է բերում մեզ ծանոթ միջավայրում, ստեղծում բարդություններ ու անհարմարություններ, ստեղծում որոշակի էմոցիաներ։ Ու նույնիսկ գնահատականներ են հնչում, թե տեղի ունեցողը Սյունիքի հանձնում է ու սպառնում է Սյունիքի կորստով»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրականությունը ճիշտ հակառակն է` ամեն ինչ արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու ու այդ երաշխիքներն ամրապնդելու համար։

Սահմանային փոթորիկ Սյունիքում․ ո՞վ պետք է պաշտպանի Հայաստանի հարավային դարպասը

«Խնդիրն այն է, որ Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմաններին վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կա, և եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, ալիքով կարող էր տեղափոխվել Սյունիքի մարզ, ՀՀ տարածք`սրանից բխող հետևանքներով»,– ասաց նա` շեշտելով, որ տեղակայվելով Սյունիքի սահմաններին, Հայաստանը լրացուցիչ անվտանգության երաշխիք է ստեղծում իր համար։

«Այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի (ՀԱՊԿ,–խմբ.) սահմանն է, որի անդամն ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում։ Այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը հաստատեց, որ Սյունիքի ճանապարհներին այս գործընթացի արդյունքում կարող են որոշակի դժվարություններ ծագել։ Բայց, սա, նրա խոսքով, լուծելի հարց է ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում։

Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին

Նա նաև հայտարարեց, որ Սյունիքի մարզի ու ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել։

Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ

Փաշինյանը վերահաստատեց իր երեկվա հայտարարությունն այն մասին, որ երեքշաբթի` դեկտեմբերի 22-ին, պատրաստվում է մեկնել Սյունիք ու հույս հայտնեց, որ կկարողանա փարատել սյունեցիների բոլոր մտավախությունները։

Հիշեցնենք`նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան