Սյունիքի մարզի բոլոր սահմաններն այս պահին հուսալիորեն պաշտպանված են. մարզպետ

Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ սահմանները պաշտպանվում են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Սյունիքի մարզի բոլոր սահմաններն այս պահին հուսալիորեն պաշտպանված են։ Facebook-ում այսպիսի գրառում է արել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ 

«Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա, ու մեր պաշտպանությունն ամուր է»,– գրել է մարզպետը:

Հիշեցնենք` Սյունիքի մարզի Կապան համայնքում երեկ` դեկտեմբերի 18-ին, բնակիչները փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը` պահանջելով ապահովել իրենց սահմանների անվտանգությունը։

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել

Սյունիքի մարզպետը ցուցարարներին ասել էր, որ պետք է բանակցել, հասկանալ` ինչպես լուծել սյունեցիների անվտանգության հարցը։
Այսօր տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ 

Նրա խոսքով` ամեն ինչ արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու ու այդ երաշխիքներն ամրապնդելու համար։

«Այսօրվա սահմանն արդեն անվտանգային այն համակարգի (ՀԱՊԿ,–խմբ.) սահմանն է, որի անդամն ենք մենք, և որտեղ արդեն անվտանգային բոլորովին այլ կանոններ են գործում։ Այսօր արդեն ՌԴ սահմանապահ զորքերը և այլ ուժեր լիարժեք ներգրավված են Սյունիքում, և սա անվտանգային առումով բոլորովին այլ իրավիճակ է ստեղծում»,– ասաց վարչապետը։

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». Դավիթ Բեկում կյանքը շատ է բարդացել

Փաշինյանը հաստատեց, որ Սյունիքի ճանապարհներին այս գործընթացի արդյունքում կարող են որոշակի դժվարություններ ծագել։ Բայց, սա, նրա խոսքով, լուծելի հարց է ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում։