Սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ. ՄԻՊ–ը սահմանագծման մեջ վտանգ է տեսնում

Թաթոյանի համոզմամբ` ներկայում իրականացվող գործընթացից է կախված ոչ միայն այս, այլ նաև ապագա սերունդների իրավունքների պաշտպանությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ իրականացվող գործընթացն իրական վտանգներ է պարունակում սահմանային բնակավայրերի բնակիչների, Հայաստանի ողջ ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների համար: Facebook-ի գրառման մեջ նման կարծիք է հայտնել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նրա համոզմամբ` սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային գործոն է ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունը:

«Նույն նշանակությունն ունեն ադրբեջանական զինված ուժերի կատարած պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններն, այդ թվում` ադրբեջական իշխանությունների վերահսկողության ներքո որևէ ձև հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ նրանց դաժանությունները (հայկական բնակավայրերի զանգվածային ավերումներ, սպանություններ, գլխատումներ, գնդակահարություններ, խոշտանգումներ, ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ և այլ)»,– գրում է Թաթոյանը։

Պաշտպանը շեշտում է, որ սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է ներգրավվեն քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն:

Սյունիքում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կար. Փաշինյանը ներկայացրեց խնդիրը

Թաթոյանի համոզմամբ` այսօր իրականացվող գործընթացից է կախված ոչ միայն այսօրվա, այլև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների հետագա պաշտպանությունը:

Հիշեցնենք`նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սյունիքի սահմանին դեկտեմբերի 18–ից սկսած նոր սահմաններ են գծվում։  

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան