ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Այս պատերազմը կարող էր և չլինել։ Այսօր Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի իր ելույթում այսպիսի հայտարարություն արեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուն` ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Կա՛մ մեծ տգիտություն, կա՛մ մեծ դավաճանություն էր պետք, որ բոլոր բանակցությունները տապալեր, բոլոր դաշնակիցներին կորցներ, գրգռեր դիմացինին։ Պատերազմը, որ սկսվեց, մենք կարող էինք հաղթել, չնայած մինչև պատերազմը պետք էր անել այն բոլոր աշխատանքները, որոնք անհրաժեշտ էին ու չարվեցին»,– ասաց նա։
Մանուկյանն իր ելույթում արձագանքեց այն տեսակետին, թե երկու տարին բավարար չէր պատերազմին պատրաստվելու համար։ Նա շեշտեց, որ 90-ականներին երկու տարին բավական եղավ Ադրբեջանին խայտառակ պարտության մատնելու համար, ու այս նույն վիճակում այն ժամանակ Ադրբեջանն էր։
«Պատերազմն այլևս չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ։ Եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կա՛մ կվերանա Հայաստանը, կա՛մ կմնա մի խղճուկ բան, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնի»,– ասաց նա։
Հայրենիքի փրկության շարժման մասնակից քաղաքական ուժերը Փաշինյանի հրաժարականի պահանջով հերթական հանրահավաքն են անցկացնում Երևանի կենտրոնում`Ազատության հրապարակում։
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում այսօր առաջին անգամ հանրահավաքին մասնակցում է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ժամը 15:00-ին Ազատության հրապարակում նախանշված հանրահավաքից հետո ընդդիմությունը ծրագրում է հիշատակի երթ անցկացնել դեպի Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Ընդդիմությունը դեկտեմբերի 22-ը հայտարարել է համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր