Այսօր Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց սգո երթը դեպի Եռաբլուր: Երթի մեկնարկին ՀՀ կառավարության շենքից դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երթի ընթացքում լռությունը պարբերաբար խախտվում էր։ Հավաքվածները վանկարկում էին «Նիկոլ, վարչապետ», «Նի–կոլ, Նի–կոլ»։
Երթի ընթացքը վերահսկում էին ոստիկանական ուժերը։ Եռաբլուր ռազմական պանթեոնի մուտքի մոտ արցախյան 1–ին պատերազմի մասնակիցները, զոհված ազատամարտիկների մայրերը կենդանի պատ էին կազմել` թույլ չտալու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած սգո երթի մասնակիցներին մտնելու Եռաբլուր։
Միևնույն ժամանակ, բացի վարչապետի հակառակորդներից, Եռաբլուրում ներկա էին նաև նրա կողմնակիցները։
Ոստիկանությունը փորձում էր կանխել նրանց միջև բախումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու իշխանության ներկայացուցիչներին հաջողվեց ոստիկանության ուժերի միջամտությամբ ճեղքել Եռաբլուրում հավաքվածների դիմադրությունն ու հասնել «Եռաբլուր» զինվորական պանթեոն։
Հրմշտոց Եռաբլուրում. ոստիկանական ուժերը չեն կարողանում դադարեցնել ընդհարումը
Պատերազմի զոհերի շիրիմների մոտ Փաշինյանը մոտեցավ սգավոր, ողբացող հարազատներին, ցավակցեց, ապա անվտանգության աշխատակիցներով շրջապատված` դարձյալ հեռացավ Եռաբլուրից։
Հիշեցնենք` արցախյան 2–րդ պատերազմը եռակողմ հայտարարությամբ դադարեցնելուց 40 օր անց`այսօրվանից սկսած, Հայաստանում եռօրյա սուգ է հայտարարված։ Նույն օրերը սգո ու հիշատակի են հայտարարվել նաև Արցախում։
«Մեր 20 տարվա կյանքը դարձրեց առոչինչ». Եռաբլուրում սպասում են Նիկոլ Փաշինյանին