ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի հայ լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանի լուսանկարը, որն արվել էր հոկտեմբերի 16-ին Շուշիում, հայտնվել է 2020թ․-ի 100 լավագույն լուսանկարների շարքում՝ ըստ ամերիկյան հեղինակավոր Time պարբերականի։
Անուշը խոստովանել է, որ այդ լուրն իր համար անակնկալ է եղել։
«Ինձ նախապես չէին զգուշացրել, ինչպես սովորաբար անում են։ Time-ը լուսանկարը վերցրել էր VII Photo գործակալությունից, որի հետ ես համագործակցում եմ»,–ասել է նա։
Նա ավելացրել է, որ ամսագրի ֆոտոխմբագիրները պարբերաբար հետևում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին և լուսանկարիչների աշխատանքներին, իսկ հետո արդեն ընտրում են Թոփ-10-ը։ Խմբագիրներից մեկը Instagram-ում հետևում էր արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Անուշի արած լուսանկարներին։
Անուշն Արցախ է մեկնել պատերազմի առաջին օրերին և այնտեղ մնացել մեկ շաբաթ` նկարահանելով տեղի ունեցածը։ Հետո ևս մեկ անգամ է գնացել և հենց այդ ժամանակ՝ հոկտեմբերի 16-ին, արվել է այս լուսանկարը։ Այդ օրը նա աշխատում էր Շուշիում և Ստեփանակերտում։
Instagram-ի իր էջում Անուշը լուսանկարը մակագրել է հետևյալ կերպ. «Այն աշունը չէ, որին սպասում էինք»։
«Թվում է, թե գեղեցիկ աշնանային բնապատկեր է, բայց այնտեղ երևում է ասֆալտի մեջ խրված արկը։ Մի կողմից լուսանկարում մեծ ցավ կա, մյուս կողմից՝ այնտեղ ինչ-որ շատ գեղեցիկ բան կա։ Եվ ամբողջ Արցախն է այդպիսին թե՛ պատերազմից առաջ, թե՛ հատկապես հիմա՝ դրամատիկ ու միաժամանակ շատ գեղեցիկ»,-ասում է Անուշը։
Նա խոստովանում է, որ Արցախն ամենագեղեցիկ վայրերից է, որտեղ իրեն երբևէ վիճակվել է աշխատել։
Անուշ Բաբաջանյանը վավերագրական լուսանկարչության «4 Plus» հարթակի համահիմնադիրն է։ Նա նաև համագործակցում է մի շարք հեղինակավոր միջազգային պարբերականների, այդ թվում՝ National Geographic-ի հետ։
2008թ․-ին լուսանկարիչը երկրորդ տեղն է զբաղեցրել Sony World Photography Awards-ում՝ «Կումասիի երկվորյակները» նախագծով։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։