ՌԱԴԻՈ

Արցախի հարցում ոչինչ չարեց, հիմա էլ Թուրքիային գործիք կդարձնի. Պողոսյանը` ԱՄՆ–ի մասին

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի օգնականի հայտարարությանն առ այն, որ ՌԴ–ն իր խաղաղապահների ներկայությամբ անհավասարակշիռ իրավիճակ է ստեղծում տարբեր տարածաշրջաններում։
Sputnik
Արցախի հարցում ոչինչ չարեց, հիմա էլ Թուրքիային գործիք կդարձնի. Պողոսյանը` ԱՄՆ–ի մասին

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ` եթե փորձենք հասկանալ, թե ԱՄՆ–ն ինչ դիրքորոշում ուներ արցախյան պատերազմի ընթացքում, ապա կարելի է արձանագրել մեկ հանգամանք, որ այդ պետությունը իրավիճակը որևէ կերպ փոխելու առումով փաստացի ոչինչ չարեց։ ԱՄՆ–ն կազմակերպեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, փորձեց հրադադարի հաստատման հարցում միջնորդ հանդիսանալ, սակայն ջանքերն անցան ապարդյուն։

ԱՄՆ-ում չեղարկել են հակահայկական բանաձևը

«Խաղաղապահ գործունեություն ծավալելու համար հայտարարությունները որևէ նշանակություն չունեն։ ԱՄՆ–ն բոլոր հնարավորություններն ուներ շատ շտապ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու` փորձելով ապահովել տվյալ խորհրդի մանդատն ու քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Թուրքիան անմիջականորեն ներգրավված էր պատերազմում`խախտելով հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, սակայն ՆԱՏՕ–ն, որին անդամակցում է Թուրքիան, որևէ կերպ չարձագանքեց` վերջինիս զսպելու համար, մինչդեռ ԱՄՆ–ն Հյուսիսատալանտյան դաշինքում ազդեցիկ երկիր է և նույնպես կարող էր ազդել Թուրքիայի վրա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Պողոսյանի գնահատմամբ` ԱՄՆ–ն փաստացի ոչինչ չի արել 44-օրյա պատերազմի ընթացքում, եթե ոչ պատերազմը կանխելու, ապա գոնե Թուրքիայի ներգրավվածությունը զսպելու առումով։ Քաղաքագետն ընդգծեց նաև ռուս–ամերիկյան լարված հարաբերությունների հանգամանքը` ասելով, որ Ջո Բայդենի ընտրությամբ ԱՄՆ–ն միանշանակ ավելի կոշտ քաղաքականություն է դրսևորելու Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի հնարավորինս թուլացնի վերջինիս ազդեցությունը հետխորհրդային տարածքում, մասնավորապես սևծովյան ընդլայնված ավազանում, որի մաս է կազմում Հարավային Կովկասը։

Քաղաքագետի կարծիքով` ԱՄՆ–ն կովկասյան տարածաշրջանում կփորձի հենվել Թուրքիայի վրա, քանի որ կան լուրջ խնդիրներ կապված Էրդողանի վարած քաղաքականության հետ։ Ըստ նրա` ԱՄՆ–ն ամեն կերպ ձգտելու է Թուրքիային վերադարձնել Արևմտյան բլոկի ազդեցության տակ` նրան օգտագործելով որպես Ռուսաստանի ազդեցության թուլացման գործիք։