ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է Սյունիքի մարզ

ԶՈւ ԳՇ պետը սպայական կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Սյունիքում ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԶՈւ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայական կազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

«Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ այսօր` դեկտեմբերի 19–ին, ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել։ Մարզի Կապան համայնքում երեկ` դեկտեմբերի 18-ին, բնակիչները փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը` պահանջելով ապահովել իրենց սահմանների անվտանգությունը։

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի մոտ ռուս սահմանապահների դիրք է տեղակայվել

Սյունիքի մարզպետը ցուցարարներին ասել էր, որ պետք է բանակցել, հասկանալ` ինչպես լուծել սյունեցիների անվտանգության հարցը։

Դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ 

Նրա խոսքով` ամեն ինչ արվում է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու ու այդ երաշխիքներն ամրապնդելու համար։

«Թշնամու դիրքը մեզնից 600–700 մ հեռավորության վրա է». Դավիթ Բեկում կյանքը շատ է բարդացել

Փաշինյանը հաստատեց, որ Սյունիքի ճանապարհներին այս գործընթացի արդյունքում կարող են որոշակի դժվարություններ ծագել։ Բայց, սա, նրա խոսքով, լուծելի հարց է ու այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում։