Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկը. Պուտին

Հակամարտության գծում տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտան իրավիճակի սրացումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումն ավելացրել է տարածաշրջանում ահաբեկչության տարածման ռիսկերը:

«Մենք բոլորս անհանգստացած էինք Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության կապակցությամբ, որում ներգրավված են ԱՊՀ անդամ պետությունները ՝ Ադրբեջանն ու Հայաստանը», - ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ռեժիմով:

Նա նշել է, որ «տեղի ունեցած մարտերը հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել են Անդրկովկասի առանց այդ էլ բարդ իրավիճակն ընդհանուր առմամբ, ավելացրել են ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը»:

Գերմանիան կոչ է արել Մինսկի խմբին ներգրավել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

Ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն անցնում է տեսակոնֆերանսի ռեժիմով, նա հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է, ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են, որպեսզի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չսրվի:

«Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու, լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար։ Այդ պատճառով մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես դրա համանախագահների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,-ասել է Պուտինը։

Արա Այվազյանը 4 քայլ է նշել հակամարտության լուծմանը հասնելու համար

Նրա խոսքով` կարևոր է, որ եռակողմ հայտարարությունն ընդհանուր առմամբ հետևողականորեն իրականացվում է։

Մի շարք հարցեր մնացել են չլուծված. ԱՄՆ-ն և Ֆրանսիան՝ ԼՂ հակամարտության մասին

«Շփման գծի երկայնքով տեղակայված ռուս խաղաղապահներն անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն իրավիճակի նոր սրացումը»,-ասել է Պուտինը։

Հիշեցնենք` Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը

Նշենք, որ հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել 2 սիրիացի վարձկան–ահաբեկչի։ Նրանցից առաջինին` Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, բռնել են հոկտեմբերի 30–ին, իսկ երկրորդին` Յուսեֆ Էլ Աբեդ Էլ Հաջիին, հայ զինծառայողները գերեվարել են նոյեմբերի 1–ին։ Նրանք արդեն ցուցմունք են տվել և պատմել իրենց հավաքագրելու պայմանների մասին։