Սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա. ԱԽ քարտուղար

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ նոր միջավայրը բավականին խնդիրներ է ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի հետ Սյունիքի հատվածում սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Նոր միջավայրը մեզ համար բավականին խնդիրներ է ստեղծել, բայց պետք է հասկանանք, որ սահմանազատումը կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա և դրանից ելնելով է կատարվում սահմանագծումը»,–ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի զիջում չի լինելու։

Հիշեցնենք` երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր ժամը 17.00–ին Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվելու են թշնամուն։

Նշենք, որ կամավորներին զենք վերցնելու և Սյունիքի սահմանները պաշտպանելու կոչ էր արել նաև Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

«ՀՀ ԳՇ պետը պարտավոր է գործել». ՓՊ նախագահը Սյունիքի հարցով Փաշինյանին չի դիմում. ինչո՞ւ

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կառավարությանն նիստում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սյունեցիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանց բողոքի ակցիան ուղղված էր սահմանների անվտանգության խնդրին։

Եթե անգամ ոստիկանությունը մեզ ծեծի, չենք բացելու ճամփան. սյունեցիների հույսը ռուսներն են

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան