Նիկոլ Փաշինյանը որոշել է մեկնել Սյունիք

Հայաստանի վարչապետն այցելելու է Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան, հանդիպելու է քաղաքացիների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա երկուշաբթին կանցկացնի Սյունիքում։

«Երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնեմ Սյունիքում։ Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` Արցախի մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Վերջին օրերին սյունեցիները բողոքի ցույցեր են անցկացնում և պնդում, որ վտանգված է նաև իրենց անվտանգությունը։ 

Երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր` ժամը 17.00–ին, Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվելու են թշնամուն։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն այս գիշեր տեսաուղերձ էր հղել և կամավորներին հորդորել, որ զենք վերցնեն ու պաշտպանեն Սյունիքի սահմանները։

 

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան