Կարմիր Խաչը կասկածում է գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի պահպանմանը

Բոլորը խոսում են «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի մասին, բայց ես դեռ չգիտեմ, թե ինչ թվեր նկատի ունենք այդ ասելով։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ օպերատիվ գործունեության ծրագրերի ղեկավար Պասկալ Հունտը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կասկածներ ունի գերիների փոխանակման` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի պահպանման հարցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է կոմիտեի օպերատիվ գործունեության ծրագրերի ղեկավար Պասկալ Հունտը:

«Էրեբունիում» վայրէջք է կատարել 44 հայ գերիներին տեղափոխող ռուսական օդանավը. տեսանյութ

«Իհարկե, մենք ողջունում ենք գերիների փոխանակումը, դա կթեթևացնի ընտանիքների տառապանքը։ Բայց հիմա ես չեմ կարող ասել, թե արդյոք այդ փոխանակումը եղել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,– ասել է Հունտը` հավելելով, որ ԿԽՄԿ–ն գործընթացին չի մասնակցել։

Հունտը հույս է հայտնել, որ դեկտեմբերի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ռազմագերիների փոխանակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմության մեջ նոր փուլ է նախանշվում։

Բայց իրավիճակի զարգացման վերաբերյալ միանշանակ դրական կանխատեսում տալը, ըստ նրա, դեռ վաղ է, քանի որ վստահությունը, նրա ձևակերպմամբ «դեռևս չափազանց փխրուն է»։

Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին, լուր են պահանջում

Հունտը նաև հայտնել է, որ Կարմիր Խաչն առայժմ չի ստացել ո՛չ պահվող գերիների, ո՛չ էլ անգամ փոխանակված անձանց ցուցակները։

«Բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որ ԿԽՄԿ-ն ստանա գերիների ցուցակը, նրանց այցելելու հնարավորություն ունենա։ Եվ ինչպես գերիների, այնպես էլ զոհերի հարցում, դա չպետք է քաղաքականցված լինի, չպետք է «ակն ընդ ական» մոտեցման մաս լինի»,– ասել է Հունտը։

Անդրադառնալով անհետ կորածների խնդրին`ԿԽՄԿ ներկայացուցիչն ասել է, որ երբ ավարտվի զոհերի մարմինների հավաքման գործընթացը, պարզ կդառնա, թե էլի քանի անհետ կորած կա։

Կարմիր խաչը չի մասնակցում գերիների փոխանակման ընթացիկ գործընթացին

«Վախենամ՝ կորածները դեռ շատ լինեն, և մենք կշարունակենք տարածաշրջանում աշխատել այդ հարցով և օգնել ընտանիքներին,– ասել է նա,– Առայժմ դեռ չափազանց վաղ է խոսելը։ Դա կախված է գերիների թվից։ Բոլորը խոսում են «բոլորը բոլորի դիմաց» բանաձևի մասին, բայց ես դեռ չգիտեմ, թե ինչ թվեր նկատի ունենք «բոլորը բոլորի դիմաց» ասելով։ Կարծում եմ՝ ոչ ոք չգիտի։ Նաև հարցեր կան, թե քանի քաղաքացիական անձ է սպանվել, քանի զինծառայող է սպանվել։ Պատկերը դեռ հստակ չէ։ Կողմերը դեռ տվյալներ են հավաքում, հավաքում են մարմինները և փորձում են ճանաչել դրանք»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։

Գերիների հարցը հանգուցալուծված չէ. Ադրբեջանի հետ բանակցություններ են տարվում

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։ Դեկտեմբերի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության է ենթարկել արցախյան պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին։

Դատագենետիկական հետազոտության արդյունքում այդ օրվա դրությամբ նույնականացվել են նրանցից միայն 302–ի մարմինները։
Դեկտեմբերի 14-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ անհետ կորած բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ օրակարգի ամենահրատապ հարցը: