«Թիվ չասեմ, բայց խումբը մեծ է». գերեվարվածների տվյալները կներկայացվեն Եվրոպական դատարան

Եվրադատարանին կներկայացվի նաև տեսագրություններում եղած գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտանգման ապացույցները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Գյումրիում հանդիպեցին Արցախում շրջափակման մեջ մնացած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ: Թաթոյանը փակ հանդիպումից առաջ լրագրողներին հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է իրենց ունեցած բոլոր տվյալները։

«Այս աշխատանքն արհեստավարժություն է պահանջում՝ ճշգրիտ տվյալներով, և մենք պետք է հիմա այստեղ աշխատանք տանենք»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը գերեվարվածների թվաքանակը չնշեց` շեշտելով, որ այդ մասին պետք է այլ մարմիններ խոսեն:

«Թիվ չասեմ, բայց խումբը մեծ է». գերեվարվածների տվյալները կներկայացվեն Եվրոպական դատարան

«Թվային տվյալների առաջնային աղբյուրը ՄԻՊ–ը չէ, մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում է իրականացնում տարբեր աղբյուրներից, թվային տվյալների համար կա կոնկրետ պատասխանատու մարմին, և առհասարակ այս երկրում կան պատասխանատու մարմիններ, ամեն մեկն ունի իր գործը, և այդ մարմինները պարտավոր են կատարել իրենց գործն այնպես, որ նման հարցեր չառաջանան: Չնայած դրան` մենք առավելագույն հնարավորություններով աշխատում ենք, որպեսզի գործընթացն առաջ գնա»,- նշեց Թաթոյանը։

Արցախում նոր գերիներ չեն վերցվել. ՊԲ–ն` տարածված տեսանյութի մասին

Նրա խոսքով` առաջին հերթին պետք է այս գործերը Եվրոպական դատարան ուղարկվեն, կան նաև այլ անելիքներ, որոնք տեղում են արվելու։

«Հիմա ամենակարևորը փաստաթղթային ձևակերպումները ճիշտ ու արագ անելն է»,– ավելացրեց պաշտպանը:

Թաթոյանը տեղեկացրեց, որ գերի ընկած անձանց հարցով արդեն հանդիպում է ունեցել Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյի հետ, և հանդիպման ընթացքում քննարկվել են այս հարցերը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Եղիշե Կիրակոսյանն էլ լրագրողներին հայտնեց, որ պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան՝ խնդրելով կիրառել հրատապ միջոց, որպեսզի ապահովվեն Ադրբեջանի իշխանության տակ հայտնված և գերեվարված անձանց իրավունքները, անվտանգությունը, առողջությունը և անհրաժեշտ այլ վերաբերմունքի պայմանները, մինչև իրականացվի այդ մարդկանց վերադարձը։

Կիրակոսյանը նույնպես չասաց, թե կոնկրետ քանի հոգի է գերի վերցվել, միայն ասաց, որ թիվը մեծ է:

«Տեսագրությունների մեջ երևում են մարդիկ, որոնց արդեն ճանաչել են հարազատները: Թիվ չասեմ, բայց խումբը բավական մեծ է»,-ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ Եվրադատարանին կներկայացվեն նաև տեսագրություններում եղած գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի ու խոշտանգման ապացույցները` որպես կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:

Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Գերիների հարազատները չլսեցին Շիրակի մարզպետին. Գյումրիում և գյուղերում բողոքի ակցիաներ են

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ 

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին։

Հավելենք` մամուլում օրեր առաջ տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։