«ՀՀ ԳՇ պետը պարտավոր է գործել». ՓՊ նախագահը Սյունիքի հարցով Փաշինյանին չի դիմում. ինչո՞ւ

ՀՀ ՓՊ նախագահը շեշտել է, որ ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և ԱՀ նախագահի միջև նոյեմբերի 9–ին ստորագրված նվաստացուցիչ փաստաթղթում Կուբաթլուի (Քաշաթաղի) կամ դրա որևէ մասի հանձնման մասին խոսք չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետի ներկայության յուրաքանչյուր օրը ծանր հարված է մեր պետականությանը, իսկ ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պարտավոր է գործել` Սյունիքում անդառնալի զարգացումները կանխելու համար։ Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։

Եթե անգամ ոստիկանությունը մեզ ծեծի, չենք բացելու ճամփան. սյունեցիների հույսը ռուսներն են

Նա նշել է, որ Սահմանադրության 14 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Զոհրաբյանը, որպես քաղաքացի, զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ հանդիսացող գլխավոր շտաբի պետից պահանջել է անհապաղ ապահովել Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունների կատարումը, այն է՝ ապահովել Սյունիքի մարզի, այդ թվում՝ Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ գյուղերի և Կապան քաղաքի սահմանների պաշտպանությունը և անվտանգությունը։

  1. «ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և ԱՀ նախագահի միջև 09.11.2020թ. ստորագրված նվաստացուցիչ փաստաթղթում Ղուբաթլուի (Քաշաթաղի) կամ դրա որևէ մասի հանձնման մասին խոսք չկա.
  2.  Ադրբեջանի և Հայաստանի փոխհարաբերություններում առկա է սեփական քաղաքացիներին և սահմանամերձ բնակավայրերը պաշտպանելու անհրաժեշտություն.
  3. Ամբողջությամբ լուծված չեն ռազմագերիներին փոխանակելու և մահացածներին փոխանցելու հարցերը.
  4. Առկա է պետական սահմանների ճշգրտման անհրաժեշտություն»,–գրել է ՓՊ նախագահը:

Նա շեշտել է, որ այս պայմաններում զինված ուժերը չեն կարող նշված կարևոր հարցի լուծումը թողնել տեղական ինքնակառավարման մարմինների կամ քաղաքացիների ուսերին:

Հարությունյանը Սյունիքում քննարկել է սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը

Արա Զոհրաբյանը հետգրությամբ հավելել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանին չի դիմում, քանի որ նրա իրավասուբյեկտությունը վիճելի է համարում:
«Վարչապետի ներկայության յուրաքանչյուր օրը ծանր հարված է մեր պետականությանը»,–գրել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք`նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան