Հետո ուշ կլինի. Շուռնուխի գյուղապետը կամավորներին կոչ է արել զենք վերցնել. տեսանյութ

Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի գյուղապետ Հակոբ Արշակյանը տեսաուղերձ է հղել՝ կոչ անելով կամավորներին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար:

«90-ականներին Շուռնուխից է սկսվել, հիմա էլ Շուռնուխի հարցն է: Խնդրում եմ, բոլորիդ կոչ եմ անում վաղը ժամը 10:00-ին զենքով լինել Շուռնուխում` մեր պոստերը պահելու համար: Եկեք միացեք մեզ, մեր հողերը պահենք, հետո ուշ կլինի»,-ասել է նա:

Գյուղապետը նշում է, որ Հայաստանի ՊՆ-ն ամբողջ զորքն ու զինտեխնիկան հեռացրել է գյուղից և իրենք մնացել են ինքնապաշտպանական ջոկատների հույսին:

«Պարզ ա դառնում, որ մեզ խաբել են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, թե իբր կողմերը պիտի մնան իրենց կանգնած տեղերում, սուտ ա, որովհետև մեր զորքը հետ ա քաշվում։ Սա վերջն ա», - ասում է նա։

Արշակյանն ասում է, որ նոր վերադասավորումների հետևանքով իր հողամասի մոտ ադրբեջանցիներ են կանգնելու։

«Շուռնուխը անտառածածկ տեղ ա, ով գիտի՝ ինչ կարա լինի, էլ դիվերսիա, էլ ուրիշ բան։ Իրավունք չունեմ պահանջեմ. խնդրում եմ, ով զենք ունի, էդ զենքը տանը մի պահեք, եկեք ու տեղին օգտագործեք, էս հողին տեր եղեք», - ասում է Արշակյանը։

«ՀՀ ԳՇ պետը պարտավոր է գործել». ՓՊ նախագահը Սյունիքի հարցով Փաշինյանին չի դիմում. ինչո՞ւ

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կառավարությանն նիստում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սյունեցիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանց բողոքի ակցիան ուղղված էր սահմանների անվտանգության խնդրին։

Եթե անգամ ոստիկանությունը մեզ ծեծի, չենք բացելու ճամփան. սյունեցիների հույսը ռուսներն են

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

Սահմանը քարտեզը չէ, գրիչի ու ֆլոմաստերի գիծը չէ. Սարհատ Պետրոսյան