ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik.Արցախի Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է կնոջ դի։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում հայտնում է, որ, ամենայն հավանականությամբ, դա նույն գյուղի 80-ամյա բնակչուհի Նինա Դավիթյանի դին է։ Պաշտպանի թիմն այս եզրահանգմանն է եկել փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում։
«Փորձաքննության նախնական տվյալներով՝ կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք»,- նշված է պաշտպանի գրառման մեջ։
Նրա տեղեկացմամբ՝ 80-ամյա Նինա տատիկն ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից:
Հայերի ու ադրբեջանցիների միջև կիսված Թաղավարդը. ինչպես են մարդիկ ապրում պատերազմից հետո
Բեգլարյանի խոսքով՝ ինքնությունը վերջնականապես կհաստատվի ԴՆԹ հետազոտության արդյունքներով:
Պաշտպանը նաև հավելում է, որ Նինա տատիկի ամուսնու ճակատագրի մասին մինչև օրս որևէ տեղեկություն չկա: