Գերի ընկած շիրակցիների հարազատները փակել են Գյումրի-Երևանի մայրուղին, լուր են պահանջում

Անհետ կորած կամ գերի ընկած շիրակցիների հարազատների հետ կհանդիպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Այս պահին Շիրակի մարզում լարված իրավիճակ է։ Օրեր առաջ Հադրութում գերի ընկած շիրակցիներին վերադարձնելու պահանջով քաղաքացիները փակել են Գյումրի-Երևանի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը։

«Մեր երեխեքին վաճառեցիք, տենց էլ ասեք». շիրակցի կորած կամավորների ծնողները վրդովված են

Իրավիճակը լարված է նաև Արթիկ-Երևան մայրուղու վրա: Այստեղ էլ Մեծ Մանթաշ գյուղի բնակիչներն են փակել ճանապարհը՝ պահանջելով հետևողական վերաբերմունք Խծաբերդում և Հին թաղերում գերեվարված շիրակցիների հարցում: ՀՀ Շիրակի մարզային ոստիկանության ներկայացուցիչները փորձում են բացել ճանապարհը, սակայն նրանց դեռ չի հաջողվում անել դա: Ակցիայի մասնակիցները ոստիկաններին առաջարկում են միանալ իրենց: Տարածքում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր նմանատիպ ակցիա կանցկացվի նաև Շիրակի մարզի Քեթի գյուղի հատվածում։

Այսօր ժամը 16.00–ին անհետ կորած կամ գերի ընկած շիրակցիների հարազատների հետ կհանդիպի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Թաթոյանը։

Նշենք, որ դեկտեմբերի 16–ին տեղեկություններ տարածվեցին, որ Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը նույն օրը հայտնեց, որ նախորդ օրը երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և հաջորդ առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հաստատեց, որ ըստ նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

Գերիների հարազատները չլսեցին Շիրակի մարզպետին. Գյումրիում և գյուղերում բողոքի ակցիաներ են

Հետո հայտնի դարձավ, որ ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից։ Նրանք և բազմաթիվ շիրակցիներ այսօր մարզում ճանապարհներ էին փակել ի նշան բողոքի։ 

Հավելենք` մամուլում օրեր առաջ տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։