ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Օրեր առաջ Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և գերեվարված զինծառայողների հարազատներն այսօր հանդիպում են ունեցել Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովի հետ: Հյուպատոսի հետ հանդիպման առաջարկը եղել է հարազատներինը:
«Պարոն հյուպատոսի կողմից ներկայացվել է ՌԴ դեսպանության պաշտոնական հաղորդագրությունը այս հարցի առնչությամբ, այն է՝ ռուսական կողմն իր առավելագույն ջանքերն է ներդնում այս գործընթացը մեր համար ցանկալի ավարտին հասցնելու և տղաների վերադարձն ապահովվելու ուղղությամբ»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Հարազատները հյուպատոսին են հանձնել գերիների ցանկը, ապա նաև նամակ-խնդրանք, որպեսզի դիվանագիտական կորպուսն էլ իր լծակներն օգտագործի հարցի շուտափույթ լուծման համար:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզում այսօր լարված իրավիճակ էր։ Օրեր առաջ Հադրութում գերի ընկած շիրակցիներին վերադարձնելու պահանջով քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ու Արթիկ-Երևան ճանապարհները։
Ավելի ուշ նրանց հետ հանդիպել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Իրենց հարազատներին վերադարձը պահանջող շիրակցիները նախորդ օրերին հանդիպումներ են ունեցել նաև Շիրակի մարզպետի հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։
Առայսօր պաշտոնական տվյալներ չկան հայկական կողմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվերի վերաբերյալ։