ՌԱԴԻՈ

Այսպես շարունակվի՝ Ալիևը միգուցե Փաշինյանին պարգևների ներկայացնի․ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանի և Արցախի սահմանների հարցին․ կասկածի տակ է դրվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, խոսվում է խորհրդային սահմաններին անցնելու մասին։
Sputnik
Այսպես շարունակվի՝ Ալիևը միգուցե Փաշինյանին պարգևների ներկայացնի․ Հարությունյան

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ սահմանազատումը միջազգային իրավական հարաբերություններում ամենալուրջ հարցերից է համարվում, բնականաբար լինում են վիճելի հարցեր և գոյություն ունեն մեխանիզմներ դրանց լուծում տալու համար։

Ադրբեջանական զինուժն ընդհուպ մոտեցել է Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղին

«Հարցն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը երբեք սահմանազատման չի ենթարկվել։ Խորհրդային սահմանազատումը, կարելի է ասել, ոչ այնքան ճշգրիտ էր և ավելի շատ վարչական սահմանազատում էր, քան միջպետական»,- նշեց Հարությունյանը։

Նրա խոսքով` նման դեպքերում գործում են տարբեր մեխանիզմներ` սկսած դատականից մինչև միջնորդներ ու համատեղ հանձնաժողովների ստեղծում։

«Պատահական չէ, որ Վրաստանի հետ մեր սահմանազատումը սկսվել է տարիներ առաջ և դեռ չի ավարտվել։ Եվ հիմա այսպես շտապողականությամբ փորձել մեր սահմաններն ուրվագծել, կարծում եմ, ուղղակի կոպտագույն սխալ է»,- ասաց Հարությունյանը։

Արդարադատության նախկին նախարարը նշեց՝ երկրի ներկա կառավարությունը կազմալուծված է, միակ խնդիրը, որ այսօր դրված է նրանց առջև, դա իշխանության պահպանումն է, իսկ որպես իշխանություն իր պարտականությունները չի կատարում։

Նիկոլ Փաշինյանը որոշել է մեկնել Սյունիք

«Կառավարությունն այսօր դարձել է ընդհանրապես անգործունակ։ Եվ սա տանում է երկրի, ինքնիշխանության կորստի»,-շեշտեց Հարությունյանը։

Ըստ նրա` այս իրավիճակից դուրս գալու ելքը մեկն է` պետք է լինի իշխանություն, որը պատասխանատվություն կստանձնի և կզբաղվի իր անմիջական պարտականությունները կյանքի կոչելով` ի տարբերություն այսօրվա կառավարության, որը զբաղված է միայն հայտարարություններ անելով։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հայտարարություններին՝ Հարությունյանը նշեց՝ որևէ մեկը չի կասկածում, որ Ալիևը Փաշինյանին հենց այնպես է պաշտպանում։ Այսպես շարունակվի՝ Ալիևը միգուցե Փաշինյանին պարգևների ներկայացնի։

Հիշեցնենք` Ալիևն այսօր ԱՊՀ հեռավար գագաթնաժողովում պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին։ Նա հիշեցրել է, որ Հայաստանի ժամանակակից բանակը ստեղծել է ոչ թե Փաշինյանը, այլ երկրի նախկին ղեկավարները` Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը` ակնարկելով, որ պարտվել է ոչ թե Փաշինյանի ստեղծած բանակը, այլ նախկին նախագահների։