Արման Թաթոյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը հրատապ հարցեր են քննարկել

Գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործընթացին առնչվող հարցեր են քննարկել Մարդու իրավունքների պաշտպանը և Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության նորանշանակ ղեկավար Թյերի Ռիբոյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

«Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և վերադարձի գործընթացին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական կողմի մարմինների վերադարձման խնդրին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արման Թաթոյանն ու ՀՀ-ում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը հրատապ հարցեր են քննարկել

Նշվում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը գերիների ազատ արձակման ու մարմինների վերադարձման գործըթացներին ներգրավված է բացառապես այն իրավասության սահմաններում, որ նախատեսված է Պաշտպանի համար:

Հավելենք, որ դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ 

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան Արցախյան պատերազմում հայկական կողմի զոհերի, անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Կարմիր խաչը չի մասնակցում գերիների փոխանակման ընթացիկ գործընթացին

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։