ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ԱՀ կառավարության կազմում նոր նշանակումներ կատարելու մասին:
Տեղեկությունը հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Մասնավորապես՝ Կարեն Բորիսի Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
Ժիրայր Մելսիկի Միրզոյանն ազատվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնից։
Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։
Արայիկ Հարությունյանը բացատրեց` ինչու չի հրաժարվել Արցախի նախագահի պաշտոնից
Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ Արթուր Շահենի Պետրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ձևավորելու է ազգային համաձայնության կառավարություն, առաջիկա հարմար առիթի դեպքում հրաժարական է տալու ու դուրս է գալու քաղաքականությունից։
Այսօր հրապարակվել է նաև Արցախի կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԱՀ նախագահի հրամանագիրը։