Ադրբեջանն Արցախում թիրախավորել էր լրագրողներին. 7 ծանր վիրավոր և քրեական հետապնդումներ

Պատերազմը լուսաբանելու նպատակով Արցախում հավատարմագրվել էին 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik.Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց են հրապարակել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՄԻՊ գրասենյակը։

Հադրութի Վարդաշատ գյուղում գազանաբար սպանված 80-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

«Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները և նրանց սպասարկող տրանսպորտային միջոցները, որի հետևանքով ծանր վիրավորվել է 7 լրագրող (5 օտարերկրյա ու 2 հայ) և զոհվել է լրագրողական խմբի ուղեկցող 1 անձ: Դիտավորյալ թիրախավորման մասին է վկայում այն փաստը, որ լրագրողները կրում էին հատուկ համազգեստ և տարբերակիչ նշաններ, որոնք առկա էին նաև նրանց մեքենաների վրա: Բացի դրանից, որոշ վկայություններ նշում են, որ հարվածներից առաջ և ընթացքում դեպքերի վայրերում թռիչքներ էին կատարում ադրբեջանական հետախուզական ԱԹՍ-ները, ինչը նշանակում է, որ լրագրողները լիովին տեսանելի ու տարբերակելի են եղել ադրբեջանական զինված ուժերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արման Թաթոյանը հրապարակել է ադրբեջանցիների մոտ առկա քարտեզները

Բացի թիրախավորման այս դեպքերից, Ադրբեջանում քրեական գործեր են հարուցվել Արցախում պատերազմական գործողությունները լուսաբանած մի շարք արտասահմանյան լրագրողների նկատմամբ։ Նրանց անունները ներառվել են սև ցուցակներում։ Պաշտպանների զեկույցում շեշտվում է, որ պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական իշխանությունները սահմանափակել են միջազգային լրագրողների անկախ գործունեությունը Ադրբեջանի տարածքում։ Լրագրողների տեղաշարժը վերահսկվել է, նրանց աշխատանքի համար արհեստական խոչընդոտներ են ստեղծվել։

Զեկույցում պաշտպանները մատնանշում են՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից՝ թաքցնելու համար Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ու դիտավորյալ պատերազմական հանցագործությունները:

Հավելենք, որ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ընկած ժամանակահատվածում պատերազմական գործողությունները լուսաբանելու նպատակով Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից հավատարմագրվել են օտարերկրյա 190 լրատվական ընկերությունների 390 լրագրողներ։