Խուճապի չմատնվել․ Արցախի 2 գյուղում և Մարտակերտ քաղաքում պայթյուններ կհնչեն

ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik.Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում, ինչպես նաև Մարտակերտ քաղաքում չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում է իրականացվում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նշվում է, որ ԱԻ պետական ծառայության և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնների սակրավորական ջոկատները շարունակում են զենք-զինամթերքի հայտնաբերման գործընթացը:

«Կլինեն պայթյուններ: Խնդրում ենք խուճապի չմատնվել»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետների և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները ևս շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները։

Խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Ղարաբաղում ավելի քան 6 հազար պայթյունավտանգ առարկա են վնասազերծել՝ մաքրելով մոտ 200 հեկտար տարածք։