Սոցապնախարարը ԿԳՄՍ–ի գործընկերոջը հիշեցրեց դատարանի վճիռն ու անպատասխան դիմումը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը խափանեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած նախագծի քննարկումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր կառավարության նիստում կասեցրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի առաջարկը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանին նշանակելու մասին։

ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

Դումանյանը հայտնեց, որ ընտրությունները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար տեղի են ունեցել 5 ամիս առաջ` հուլիսի 17–ին։ Նրա հավաստմամբ` դրանք եղել են մրցակցային, մասնակցել են 2 թեկնածու և ընտրվել է Գալոյանը։

«Ամբողջ գործընթացը` առկա փաստաթղթերով, համապատասխանում է սահմանված կարգին»,– ասաց ԿԳՄՍ նախարարը` առաջարկելով հաստատել Գալոյանի ընտրության արդյունքները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, սակայն, հիշեցրեց, որ ամեն ինչ այնքան էլ հարթ չի եղել։

Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում Տնտեսագիտականի ռեկտորի հրամանը. «Ժողովուրդ»

«Դատարանի կողմից եղել է որոշում` ընտրությունների հետ կապված գործընթացը կասեցնելու` հաշվի առնելով ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները»,– ասաց Առաքելյանը` հիշեցնելով, որ ինքն էլ բուհի խորհրդի անդամ է։

«Այս պահին նաև ձեր նախարարության դեմ դատական հայց կա` կապված այդ ընտրությունների հետ»,– շեշտեց Առաքելյանը` առաջարկելով հավելյալ քննարկել հարցը։

Նախարարը նաև հիշեցրեց իր գործընկերոջը, որ բուհի խորհուրդը հիմնադրամի փոխելու դիմումը արդեն 1 տարի ԿԳՄՍ նախարարությունում է ու շարունակում է անպատասխան մնալ, չնայած այն հանգամանքին, որ բոլոր բուհերը ներկայում փոխում են իրենց կարգավիճակը` դառնալով հիմնադրամներ։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական կոչումը պահպանվեց. նա կշարունակի պաշտոնավարել

Դումանյանն անպատասխան չթողեց երիտասարդ գործընկերոջը` ասելով. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է այստեղ քննարկենք դատարանների որոշումների հետ կապված ինչ–որ հարցեր։ Մենք այստեղ պետք է քննարկենք ու պարտավոր ենք քննարկել այն փաստը, որը դրված է այսօր սեղանին։ Այն փաստաթղթերի փաթեթ է, որ վերաբերում է միմիայն ռեկտորի ընտրությանը»։

Դումանյանը վստահեցրեց, որ Առաքելյանի ներկայացրած բոլոր փաստերին քաջատեղյակ է, իսկ դատարանների վճիռներին առաջարկեց անդրադառնալ, երբ դրանք արդեն կկայացվեն։

«Այս պահին որևիցե հիմք գոյություն չունի, որպեսզի մենք չհաստատենք այդ որոշումը։ Ինչ կլինի ապագայում` կապրենք, կտեսնենք»,– ասաց Դումանյանը։

Ռեկտորի պաշտոնն ու իրար հակասող որոշումները. Գալոյանը կարո՞ղ է ղեկավարել ՀՊՏՀ–ն

Նախարարների լարված խոսակցությունն ընդմիջեց նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա առաջարկեց նախագծի ընդունումը հետաձգել, ևս մեկ անգամ քննարկել ու իրավական տեսանկյունից հարցեր չառաջանալու դեպքում 1 շաբաթ անց ընդունել։