Պուտինը խոսել է Ղարաբաղի կարգավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության նախագահն իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօրվա իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով ՏԱՍՍ–ի այն հարցին, թե ինչու  Ղարաբաղում պատերազմը հենց հիմա տեղի ունեցավ, հայտարարեց` իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից։

«Չեմ կարծում, որ դա տեղի է ունեցել դրսից որևէ միջամտության հետևանքով։ Փոխհրաձգություն, մանր բախումներ բազմաթիվ անգամներ են եղել։ Ի վերջո այդ ամենը հակամարտության վերածվեց», - նշեց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի դիրքորոշումը միշտ մեկն է եղել, որ պետք է համաձայնության գալ առանց արյունահեղության։ Այդպես կառուցվեց Մոսկվայի դիրքորոշումը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբում, որտեղ Ռուսաստանը համանախագահող երկրներից մեկն է։

«Մենք տարիներ շարունակ ելնում էինք նրանից, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն յոթ շրջանները։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա, այսինքն՝ պետք է արձանագրվի ստատուս քվո, բայց Ղարաբաղի և Հայաստանի միջև պարտադիր պետք է ստեղծվեն շփման հնարավորություններ», - նշեց նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են