ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Շիրակից Արցախ մեկնած և անհետ կորած զինծառայողների մոտ 200 հարազատներ այսօր կրկին հանդիպել են մարզպետի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև մարզի զինկոմիսարիատի ներկայացուցիչներ։
Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ` մարզպետ Տիգրան Պետրոսյանը հանդիպմանն ասել է, որ այժմ Արցախում են գտնվում Շիրակից պատգամավոր ընտրված Սոֆյա Հովսեփյանն ու Նազելի Բաղդասարյանը, ինչպես նաև ՊՆ ներկայացուցիչներ։ Նրանք զբաղվելու են հենց այդ հարցով։
Կարմիր խաչի հայկական ներկայացուցչությունից ասել են, որ տղաների մասին ադրբեջանական Կարմիր մահիկը տեղեկություն չի փոխանցել։ Առաջարկ է եղել միջազգային Կարմիր խաչից տեղեկություն հավաքել կորած տղաների մասին և վաղը մինչև երեքը փոխանցել իրենց։
Հանդիպմանը հարազատները բավականին բորբոքված են եղել։
««Ինչի՞ եք մեր հարազատներին տարել թուրքի մոտ», «Ո՞վ է պատասխան տալու», «Ո՞վ է տարել տղաներին Հադրութ»»,–հարցրել են նրանք։
«Ախպորս երեխեն ծնվել ա, ամիսուկես երեխուն չի տեսել», – ասել է հարազատներից մեկը։ Մյուսն էլ, թե` «Մե հարցըմ տամ` 100 վայեննի բիլետ ռազմական ոստիկանությունը իր մոտ է պահել, էդ նորմա՞լ է։ Մեր երեխեքին վաճառեցիք, տենց էլ ասեք»։
Մեկ այլ ծնող էլ ասել է, որ իր որդու հրամանատարները երկու անգամ փախել են դիրքերից։
«Երեխեքին Ջաբրայիլում թողել, գնացել ա, երեք սուտկա 150 կմ ոտքով են եկել։ Հետո կրկնակի ղրկեցիք, ստեղ էլ հրամանատարը թողել ա դիրքում ու պաշոլ եղել։ Ո՞նց եք մեր երեխեքի ճակատագրի հետ խաղում, ո՞նց», – վրդովված ասել է նա։
Նրանք նաև պահանջել են իրենց բացատրություն տալ տղաների կարգավիճակի մասին` նրանք գերավարվա՞ծ են, թե՞ շրջափակված։
Դեկտեմբերի 16-ին ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում ուղղությունում անհետ կորած 73 զինծառայողի ճակատագիրը դեռ շարունակում է անհայտ մնալ։
Նույն օրը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին։