Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի մետր չի զիջվելու. պաշտպանության նախարար

Որոշ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ:

Տեղեկությունը հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

«Ես էլ կուզեի թշնամուց 150 կմ հեռու լինել». Սյունիքի մարզպետը` ցուցարարներին

Հանդիպման մասնակիցները պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել են իրենց մտահոգությունները մարզում սահմանային ճշգրտումների հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի վերաբերյալ: Համայնքների ղեկավարներն արձանագրել են, որ սահմանագծի փոփոխություններով պայմանավորված՝ հակառակորդի թիրախում են հայտնվելու մի շարք բնակավայրեր, այդ թվում նաև մարզկենտրոն Կապանը:

«Պաշտպանության նախարարը նշել է, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։ Ընդգծվել է, որ այդ հատվածներում հսկողություն կիրականացնեն ռուս սահմանապահները, որի վերաբերյալ համաձայնությունն արդեն իսկ ձեռք է բերվել, և դա լրացուցիչ երաշխիքներ կստեղծի անվտանգային համակարգն ուժեղացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վաղարշակ Հարությունյանը նշել է նաև, որ այս գոտիների անվտանգությունն ապահովելու նպատակով իրականացվում է միջոցառումների ամբողջ համալիր, մասնավորապես՝  ձևավորվում են զինվորական նոր ստորաբաժանումներ, ստեղծվում են նոր ենթակառուցվածքներ, և այդ գործընթացը շարունակական է լինելու:

«Թուրքը սնայպերով խփում է իմ գերեզմանին». լարված իրավիճակ Սյունիքում

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն էր անցկացրել զորամիավորման հրամանատարի, Սյունիքի մարզպետի և ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքային ստորաբաժանման հրամանատարի մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման, նոր ձևավորվող բնագծերում զինված ուժերի ստորաբաժանումների և սահմանապահ զորքերի տեղակայման հետ կապված հարցեր:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ կառավարությանն այսօրվա նիստում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերը Սյունիքի սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ։

Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սյունեցիները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Նրանց բողոքի ակցիան ուղղված էր սահմանների անվտանգության խնդրին։